Փաշինյան․ Ստացվում է՝ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների հսկողության տակ չէ
Tuesday, December 27, 2022Թեև պաշտոնապես եռակողմ հանդիպում նախատեսված չէր, սակայն, Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը երեկ քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, այսօր հայտարարեց Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։ Ընդունելով Փաշինյանին՝ Պուտինը կրկին հիշեցրեց Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության աճող տեմպերը, միաժամանակ ընդգծեց, որ այժմ այլ կարևոր խնդիրներ կան:
«Մենք Ձեզ հետ դեռ երեկ ենք սկսել, և հաջողվեց երեքով խոսել․ իհարկե, գլխավոր հարցը Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է ընդհանուր առմամբ, հայ-ադրբեջանական հարաբերությունները, ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ։ Այնպես որ, ինչպես և պայմանավորվել էինք, կքննարկենք այդ հարցերը մանրամասներով»,-ասել է Պուտինը։
Թե էլ ինչ են պայմանավորվել, Պուտինը չի հստակեցրել։
Ալիևն ու Փաշինանը Սանկտ Պետերբուրգում էին ԱՊՀ ոչ պաշտոնական հավաքի շրջանակներում, որտեղ երեկ համատեղ նիստ են անցկացրել, երեկոյան ընթրել։ Թե երբ և ինչ հանգամանքներում է կայացել եռակողմ քննարկումը, հստակ չէ։ Պուտինի խոսնակը միայն ասել է, թե «խոսքը լիարժեք ձևաչափով եռակողմ հանդիպման մասին չէ», այլ՝ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած քննարկումների։
«Այս դաշտում բոլորն էին բոլորի հետ շփվում», - ասել է Դմիտրի Պեսկովը։
Հայաստանի վարչապետը, իր հերթին, Պուտինի հետ հանդիպմանը պնդեց, թե ուզում է տարածաշրջանի ամենակարևոր հարցը քննարկել։
«Իհարկե, Դուք ճիշտ եք՝ այս պահին ամենագլխավոր, ամենաօպերատիվ հարցը ճգնաժամն է, որ ունենք Լաչինի միջանցքում։ Գիտեք, որ արդեն մոտ քսան օր է՝ այդ միջանցքը փակ է։ Դա ռուս խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտին է Լեռնային Ղարաբաղում», - նշեց Փաշինյանը։
Հանդիպման բաց հատվածում, որ շարունակվել է մի քանի րոպե, Փաշինյանը մի քանի անգամ է ընդգծել, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում։ Պնդել է՝ հիմա իրավիճակ է փոխվել. «Ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, և որ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է այդ միջանցքով ուղևորների, բեռների ու մարդկանց անխափան անցումը։ Հիմա ստացվում է՝ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ։ Իհարկե, կուզեինք քննարկել այս իրավիճակը, թե ինչ տարբերակներ կան»։
Բացման այս կարճ խոսքից հետո բանակցությունները շարունակվեցին դռնփակ ձևաչափով։ Մինչ այս պահը ոչ Կրեմլը, ոչ Հայաստանի կառավարությունը Փաշինյան-Պւտին հանդիպումից հավելյալ մանրամասներ չեն հաղորդել։ Հայաստանի կառավարությունը միայն նշում է, որ մինչ առանձնազրույցը Միխայիլյան պալատում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների աշխատանքային նախաճաշը, որից հետո առաջնորդները շրջել են ռուսական թանգարանի ցուցասրահներով:
Ադրբեջանի առաջնորդը այսօրվա հանդիպումներին չի մասնակցում, նա դեռ երեկ է վերադարձել Բաքու։
https://www.azatutyun.am/a/32195461.html