Հունվարի վեցին Կապիտոլիումի շենք ներխուժած Թրամփի աջակիցների բազմության մեջ էին "Հպարտ տղաներ"-ի և զինված այլ խմբավորումների մի շարք անդամներ, որոնք երկրի համար սպառնալիք են հանդիսանում: Ու թեև այս խմբավորումները հայտնի են ուժի կիրառմամբ և դաժանությամբ, այնուամենայնիվ ամբոխը միայն նրանցից չէր բաղկացած: Այնտեղ էին նաև շատ քաղաքացիներ, ովքեր պարզապես դուրս էին եկել իրենց համոզմունքներն արտահայտելու:
"Այն, ինչ ես տեսա, հայրենասիրական շարժում էր Վաշինգտոնում: Այն խաթարվել էր մի քանի մարդկանց կողմից, որոնց ցույցերի խաղաղ ընթացքը չէր հետաքրքրում ... Ես այդ մասին չեմ կարող խոսել, քանի որ մենք այդ պահին այդտեղ չէինք",- ասում է Թրամփի աջակից Ջեննի Քարքուֆֆը:
"Թրամփը չէր ուզում, որ մենք ներխուժեինք, նա պարզապես ուզում էր, որ մենք ոտքի կանգնեինք ու բարձրաձայնեինք: Նա նույնիսկ ասաց. "Ոչ մի բռնություն, ժողովուրդ, թույլ չտաք բռնություն"",- ասում է Թրամփի աջակից Մայքլ Նիլսընը:
"Ես դեռ հավատում եմ, որ Թրամփը հաղթելու է: Իմ ամբողջ սրտով հավատում եմ: Իրականում ես այդ գիտեմ",- ասում է Թրամփի աջակից Միշել Մորսը:
Սակայն Թրամփի հաղթանակի հույսերը չարդարացան, և Կոնգրեսն այնուամենայնիվ հաստատեց Բայդընի հաղթանակը, ինչին հաջորդեց նաև Թրամփի կողմից իր պարտությունն ընդունելու տեսանյութը:
Սակայն այսքանով ցույցերը չեն ավարտվել, քանի որ Կալիտոլիումի ուղղությամբ հարձակումից վրդովված մարդիկ հակացույցեր սկսեցին երկրով մեկ, այդ թվում` ԱՄՆ-ի չորրորդ խոշորագույն քաղաք Հյուսթոնում:
"Եղան վերահաշվարկներ: Եղան հետաքննություններ հաշվարկների շուրջ: Ամեն ինչ օրենքի սահմաններում էր: Սակայն նախագահը հրաժարվում էր ընդունել իր պարտությունը",- ասում է ցուցարար Ռեիչել Լոնգորիան:
"Մենք ցանկանում ենք աշխարհին այլ կողմից ներկայանալ, ցույց տալ թե ինչպես են տարբեր հավատքների, տարբեր ռասսաների մարդիկ միասնաբար հավաքվում ընդհանուր կարծիք հայտնելու",- ասում է հոգևորական Թոնի ՄքՔոլլումը:
"Կատարվածից բոլորս ենք վրդովված և հիասթափված, այսպիսով որոշեցինք հավաքվել և աղոթել մեր ժողովրդի ու պետության համախմբանհամար",- ասում է Դերըն Ադկիսոնը:
Ու թեև Ջո Բայդընի երդմնակալությանը մնացել է ընդամենը տասներկու օր, Կապիտոլիումի շուրջ դեպքերից հետո նախագահ Թրամփի վարչակազմի մի շարք անդամներ հանդես եկան պաշտոնից հեռանալու հայտարարություններով` նրան մեղադրելով բռնություն քարոզելու մեջ:
https://www.amerikayidzayn.com/a/5730227.html