Տաթևում կանցկացվի «Սարերում» զբոսաշրջային փառատոնը
Thursday, May 25, 2023Տաթևում հունիսի 24-ին և 25-ին կկայանա Սյունիքի պատմության և լեգենդների մասին պատմող «Սարերում» զբոսաշրջային փառատոնը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված «Տաթևի Վերածնունդ» հիմնադրամի նախագծերի ղեկավար Անի Դավթյանը նշեց, որ միջոցառման ծրագիրը ներառում է ներկայացումներ Սյունիքի մարզի նշանակալի իրադարձությունների և ականավոր գործիչների մասին։
«Նպատակն այն է, որ բեմադրությունների միջոցով ներկայացվեն Սյունիքի նշանակալի պատմական դեպքերը: Փառատոնը բաղկացած է լինելու երկու հատվածից: Մեկը նվիրված է լինելու պատմական իրադարձություններին, որոնք ներկայացվելու են ինտերակտիվ բեմադրությամբ: Բացի այդ, տեղի դերասանները կբեմադրեն Օրբելյան ազնվական ընտանիքի հետ միջնադարյան ճաշկերույթի թատերական վերարտադրությունը: Մյուս բաժինը ճանաչողական շրջայցերն են»,-ասաց Անի Դավթյանը:
Փառատոնի երկու օրերի ընթացքում այցելուները Տաթևի վանքի մոտ կկարողանան մասնակցել Սյունիքի պատմական կարևոր իրադարձությունների մասին ներկայացումներին, ինչպես նաև տեսնել 17-րդ դարի վերականգնված կյանքը Հին Հալիձոր գյուղում: Հանդիսատեսը կկարողանա մասնակցել նաև ազգային խաղերին և պարերին։
«ՏաԹևեր» ճոպանուղու Հալիձոր կայանի մոտ կկազմակերպվի տոնավաճառ, որտեղ տեղացի արհեստավորները կցուցադրեն տարածաշրջանի համար ավանդական արհեստները և այցելուների համար կանցկացվեն վարպետության դասեր։ Երաժշտական ծրագրի շրջանակներում ելույթ կունենա «Միքայել Ոսկանյան և Թառափ տրիո» խումբը։
Փառատոնի տարածքում կգործեն սննդի գոտի, զվարճանքի և խաղերի լայն ընտրությամբ մանկական տարածք: Այցելուներին հասանելի կլինեն նաև շրջայցեր դեպի Տաթևի տարածաշրջանի տեսարժան վայրեր:
«Այս միջոցառումն առաջին անգամ է անցկացվում, Հայաստանում այդպիսի փառատոն տեղի չի ունեցել: Շեշտը դրվում է ինտերակտիվ ներկայացումների վրա, որը հնարավորություն կտա մաս կազմել իրականացվող միջոցառումներին: Շատ կարևոր են մարզերում նման զբոսաշրջային փառատոններ անցկացնելը: Այն յուրահատուկ գործիք է զբոսաշրջային հոսքը, այս դեպքում, Սյունիքի մարզ ուղղորդելու համար»,-ասաց Անի Դավթյանը:
Նրա խոսքով, այցելության առումով ակնկալիքները մեծ են: Դեռ տարվա սկզբին աշխատանք է տարվում զբոսաշրջային կազմակերպությունների հետ, հետաքրքրությունը շատ մեծ է, իրենք նույնպես ցանկանում են մարզային այցերում նոր շեշտադրումներ ավելացնել:
Փառատոնի մուտքն անվճար է։
https://armenpress.am/arm/news/1111787.html