Վարչապետի կոշտ նախազգուշացումը. կլինի ուժգին հարված
Monday, November 26, 2018ԵՐԵՎԱՆ - Չշշկռվեք, սա Սերժ Սարգսյանի թուլամորթ ու վախեցած իշխանությունը չէ, նոյեմբերի 26-ին հայտարարել է Նիկոլ Փաշինյանն ի պատասխան այն խոսակցությունների, թե դեկտեմբերի 9-ին ձեւավորվելիք խորհրդարանը կլինի ժամանակավոր, եւ մեկ-երկու տարի անց կլինի նոր արտահերթ ընտրություն: Փաշինյանը հայտարարել է, որ նոր խորհրդարանը կարտահայտի ժողովրդի կամքն ու կաշխատի այնքան, որքան խորհրդարանի գործունեության ժամկետն է:
Նիկոլ Փաշինյանի այդ կոշտ հայտարարությունն անուղղակի հասցեագրված է Սասնա ծռեր կուսակցությանը: Համենայն դեպս, այդ կուսակցության ընտրացուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը, նաեւ առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը պարբերաբար, այդ թվում նաեւ հենց քարոզարշավի մեկնարկին խոսել են խորհրդարանի ժամանակավորության մասին: Իհարկե, այդ մասին խոսում են ոչ միայն նրանք, այլ նաեւ մի շարք այլ շրջանակներ, թե փորձագիտական, թե նախկին իշխանության ներկայացուցիչներ, ընդհուպ Ռոբերտ Քոչարյանը:
Այդ խոսակցություններն ունեն իհարկե տարբեր նպատակներ, սակայն պետք չէ բացառել նաեւ մեկ ընդհանուր նպատակի առկայությունը: Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը հուշում է, որ նա առնվազն ունի այդպիսի խսակցությունների տողատակում մեկ ընդհանուր նպատակի կասկած: Միաժամանակ, հիշեցումը, թե դա Սերժ Սարգսյանի իշխանությունը չէ, որ լինի թույլ եւ վախեցած, նույնպես վկայում է Փաշինյանի այդպիսի կասկածի մասին:
Մյուս կողմից, ունենալով մոտ անցյալի փորձը, իհարկե Սերժ Սարգսյանի փորձը, համենայն դեպս գերադասում է գնալ այսպես ասած կանխարգելիչ ճանապարհով, անկախ իրական կասկածի կամ ռիսկի առկայությունից:
Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը տալիս է դրա հնարավորությունը: Բանն այն է, որ այդ լեգիտիմության պայմաններում իրավիճակի ապակայունացման ցանկացած փորձ, արժանանալով իշխանության կոշտ, ընդհուպ ուժային պատասխանին, կստանա հասարակության շոշափելի աջակցությունն ու հավանությունը:
Մյուս կողմից, հայտարարելով Սերժ Սարգսյանի հետ չշփոթելու մասին, Նիկոլ Փաշինյանը թերեւս ակնարկում է ոչ միայն լեգիտիմության ուժի մասին, այլ նաեւ ոճի, որ ինքը այդպիսի դեպքերում կգերադասի ոչ թե շախմատ խաղալ, այլ կգնա ավելի կոշտ հակազդեցության:
Թվում է, թե խնդրո առարկայի համեմատությամբ արձագանքը չափից դուրս, նույնիսկ անհամարժեք կոշտ է: Սակայն պետք է հաշվի առնել հայաստանյան իրավիճակն ու առանձնահատկությունները, այդ թվում հասարակական ընկալումների իմաստով, որի վրա էլ նաեւ խաղում են հենց այն շրջանակները, որոնք տարածում են նոր խորհրդարանի ժամանակավորության մտայնությունը:
Ակնառու է աշխատանքը հասարակության ինքնավստահությունը թուլացնելու, հանրությանն անորոշության մեջ պահելու ուղղությամբ: Փաշինյանի կոշտ արձագանքը պայմանավորված է նաեւ դրանով, որպեսզի հասարակությունը չկորցնի ինքնավստահությունը, որ ձեռք է բերել թավշյա հեղափոխության ընթացքում եւ իր արածի հանդեպ չլցվի կասկածով:
Այդ իմաստով, արձագանքը խորքային առումով լիովին համարժեք է, տեղին եւ ժամանակին: Ի վերջո, գործնականում ճակատային քայլերի դատապարտվածության պայմաններում կա հավանականություն, որ փորձ է արվում անցնել այսպես ասած «պարտիզանության», այսինքն ներսից քայլերի, հեղափոխության անունից, բայց փաստացի հեղափոխության դեմ:
Ընդ որում, հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակում էլ բավական տարածված էր «պարտիզանական» մարտավարության մեթոդաբանությունը:
Source: https://www.lragir.am/2018/11/26/398598/