Սրբարանի քայքայմունքի ժամանակ օգնութեան աղօթք։ Ասափի Երգ։
Thursday, February 2, 20231 Ով Աստուած, ի՞նչու ես մեզ բոլորովին մերժում. քո բարկութիւնը բորբոքվում է քո արօտի ոչխարների վերայ։
2 Յիշիր քո ժողովրդին որ ստացար սկզբիցը. Փրկեցիր, որ քեզ ժառանգութեան վիճակ լինի, այս Սիօնի սարը որ նորանում բնակուած ես։
3 Բարձրացրու քո քայլերը մշտական աւերմունքների վերայ. Թշնամին բոլորն ապականեց սրբութեան տեղումը։
4 Քո հակառակորդները գոռում են ժողովարանիդ մէջ. իրանց նշանները՝ նշանների տեղ են դնում։
5 Նա երեւում է ինչպէս մի կացին բարձրացնող անտառի ծառերի վերայ։
6 Եւ հիմա նորա ամեն քանդակագործ զարդարանքը կոտրատեցին կացիններով եւ մուրճերով։
7 Կրակ գցեցին քո սրբարանի մէջ, գետնի տալով պղծեցին քո անունի բնակարանը։
8 Իրանց սրտերումն ասեցին. Սորանց ամենը միասին կորցնենք. Այրեցին Աստուծոյ ամեն ժողովարանները երկրի մէջ։
9 Մեր նշանները չենք տեսնում. էլ մարգարէ չ՛կայ. Եւ մեզ մօտ մէկ գիտացող չ՛կայ. Մինչեւ ե՞րբ։
10 Ով Աստուած, մինչեւ ե՞րբ է նախատելու նեղացնողը. Մի՞թէ թշնամին պիտի բոլորովին անարգէ քո անունը։
11 Ի՞նչու ես ետ դարձնում ձեռքդ եւ աջդ. Հանիր ծոցիցդ, կորցրու նորանց։
12 Բայց Աստուած է իմ թագաւորը սկզբիցը որ փրկութիւններ արաւ երկրի մէջ։
13 Դու ծովը պատառեցիր քո զօրութիւնովը, վիշապների գլուխները փշրեցիր ջրերի մէջ։
14 Դու ջարդեցիր Լեւիաթանի գլուխները. նորան կերակուր տուիր ժողովրդին անապատումը։
15 Դու աղբիւրներ եւ առուներ բղխեցրիր. Դու սաստիկ գետեր ցամաքեցրիր։
16 Քոնն է ցերեկը եւ քոնն է գիշերը. Դու պատրաստեցիր լուսաւորները եւ արեգակը։
17 Դու հաստատեցիր երկրի ամեն սահմանները. դու ստեղծեցիր ամառը եւ ձմեռը։
18 Ապա միտքդ բեր այս՝ որ թշնամին նախատինք է տալիս Տիրոջը. Եւ յիմար ազգը անարգում է քո անունը։
19 Քո տատրակի անձը մի մատնիր գազանին. Քո աղքատների կեանքը մի մոռանար իսպառ։
20 Նայիր քո ուխտի վերայ, որովհետեւ երկրի խաւար տեղերը անօրէնութեան բնակարաններով լցուած են։
21 Թող խեղճը ետ չ՛դառնա ամօթով. Թող խեղճը եւ աղքատը օրհնեն քո անունը։
22 Վեր կաց, ով Աստուած, դատիր քո դատաստանը. յիշիր այն նախատինքը, որ յիմարն ամեն օր քեզ վերայ է դնում։
23 Մի մոռանար քո թշնամիների ձայնը եւ քեզ դէմ վեր կացածների խռովութիւնը, որ ամեն ժամանակ բարձրանում է։