Սյունիքի տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք լինել չի կարող. վարչապետն անդրադարձավ սահմանային իրավիճակին
Thursday, December 24, 2020Սյունիքի մարզում ներկայումս տեղի են ունենում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ, որոնք ունեն որոշակի բարդություններ: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա, որն անհրաժեշտ է Սյունիքի և ընդհանրապես ՀՀ-ի անվտանգության ապահովման տեսանկյունից: Համենայնդեպս մեր դիրքորոշումը, Պաշտպանության նախարարության դիրքորոշումն այն է, որ մենք այս գործունեությամբ, որը կարող է ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք տալ, ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները, Սյունիքի և ՀՀ-ի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում:
Իհարկե, այնտեղ երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր. մեկը Սյունիքի մարզի Որոտանի, երկրորդը` Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ես նաև ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը լիարժեքորեն և միարժեքորեն համարժեք փոխհատուցումներով հանդես կգա և մեր քաղաքացիների շահերը լիարժեք կլինեն պաշպանված»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարը նկատեց նաև, որ այս առումով ապատեղեկատվական արտահոսք է տեղի ունենում: «Օրինակ, մի դեպքի վերաբերյալ կարող են լինել հարյուրավոր հրապարակումներ, այսպես ասած տարբեր ռակուրսներով և դրվագներով: Մի դեպքի վերաբերյալ կարող են լինել հարյուրավոր հրապարակումներ և այդ հարյուրավոր հրապարակումներից համապատասխան մասշտաբային տպավորություն ստեղծվի: Ուզում եմ կրկնել, որ Սյունիքի և ընդհանրապես ՀՀ-ի միջազգայնորեն ընդունված ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել, մյուս կողմից սա չի նշանակում, թե այս պրոցեսները պետք է համարել սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա, դրանք բոլորովին տարբեր հարցեր են:
Այս փուլում տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի օպերատիվ նպատակն անվտանգության ապահովումն է, այսինքն՝ այդ տեղորոշումներն իրականացնել այնպես, որ անվտանգության որոշակի համակարգ գործի և այդ անվտանգության համակարգը լինի գործուն: Սա արվում է՝ անվտանգությունն ապահովելու համար, իհարկե մենք ունենք նոր իրավիճակ և այդ իրավիճակը նոր իրադրություն է: Այդ նոր իրադրությունը որոշակի էմոցիաներ է առաջանում, բայց կրկին ասում եմ, մենք պետք է մաքսիմալ հանդարտ այս փուլը հաղթահարենք, որպեսզի արձանագրենք անվտանգության այն նոր համակարգի լիարժեք գործունեությունը, որը մենք այսօր կառուցում ենք, ստեղծում ենք կամ արդեն իսկ տեսականորեն ստեղծել ենք, մնում է դա գործնականում իրականություն դարձնել»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այսօր առավոտյան նաև քննարկում է ունեցել Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարի հետ, տվել է կոնկրետ հանձնարարականներ, թե ինչպես պետք է այս պրոցեսը կառավարել, որպեսզի հնարավորինս սահուն ընթանա և մեր քաղաքացիների շահերը մաքսիմալ պաշպանված լինեն:
«Այդ թեման նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, Պաշտպանության նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Գլխավոր շտաբի պետի հետ եմ քննարկել: Մենք հստակ գիտենք, ընդ որում սանտիմետրի ճշտությամբ, թե որտեղ է, որ մենք կարող ենք խնդիր ունենալ, ընդ որում նախնական կոմունիկացիա եղել է խորհրդակցություն դեռ 10 օր առաջ, և եղել է հանձնարարական, որ նախնական կոմունիկացիա արվի այդ հատվածների բնակիչների հետ ու նրանց մանրամասն տեղեկատվություն տրվի, թե ինչ պրոցես է տեղի ունենում, ինչ նպատակով է տեղի ունենում և որ ամենակարևորն է՝ քաղաքացիների հնարավոր գույքային վնասները կառավարությունն ամբողջությամբ և լիարժեք կփոխհատուցի»,- եզրափակեց վարչապետը:
https://armenpress.am/arm/news/1038809.html