Ջո Բայդենը նորից է շեշտում կորոնավիրուսի դեմ պատվաստում ընդունելու կարեւորությունը
Tuesday, July 6, 2021ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը նորից է դիմելու երկրի բնակչության այն հատվածին, որը հրաժարվում է ընդունել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, երբ երկրում շարունակում է տարածում գտնել այս վարակի Դելտա անվանումը կրող տարատեսակը:
Անկախության տոնի կապակցությամբ արտասանած ելույթում Բայդենն ասել էր. ‘’245 տարի առաջ մենք մեր անկախությունը հռչակեցինք հեռավոր մի միապետից: Եվ այսօր մոտ ենք այն օրվան, երբ մեր անկախությունը կհռչակենք մահաբեր վարակից: Սակայն սա չի նշանակում, որ մենք ավարտել ենք քովիդի դեմ պայքարը: Մենք դեռեւս շատ անելիքներ ունենք: Եվ ինչպես 1776 թվին, այնպես էլ այսօր, կարեւորը ոչ թե խոսքերն են, այլ գործը’’:
Նրա խոսքերով, այսօր հարենասիրության ամենամեծ դրսեւորումը հիվանդության դեմ պատվաստվելն է, վարակ, որին մինչ այժմ միայն ԱՄՆ-ում զոհ է գնացել ավելի քան 600 հազար մարդ:
Բայդենի վարչակազմը նախատեսել էր, որ մինչեւ Անկախության օրը Միացյալ Նահանգներում չափահաս բնակչության 70 տոկոսը կլիներ առնվազն մասնակի պատվաստված: Սակայն Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի տվյալներով, մինչեւ հուլիսի 4-ն այստեղ մասնակի պատվաստումներ է ընդունել չափահաս բնակչության միայն 67 տոկոսը: Պատվաստանյութի երկու չափաբաժիններն այստեղ ընդունած չափահաս ազգաբնակչությունը կազմում է 47 տոկոս:
https://www.amerikayidzayn.com/a/5955126.html