Սպիտակ տունը չունի որևէ նորություն այս հարցում մեր քաղաքականության կապակցությամբ, լրագրողների հետ մամլո ասուլիսի ընթացքում արձագանքել է Սպիտակ տան մամլո քարտուղարն ի պատասխան Ամերիկայի ձայնի հնչեցրած հարցին՝ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր պաշտոնական ճանաչման մասին:
Ճանաչման հարցը շարունակում է շոշափվել ամերիկյան տարբեր պաշտոնական և հանրային շրջանակների կողմից: Նախօրեին հայկական ծագում ունեցող ամերիկացի քաղաքագետ Յան Բրեմմերը իր մարտի 20-ի թվիթերյան գրառման մեջ գրել էր՝ ՛՛Սպիտակ Տուն. ԱՄՆ-ը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը՛՛: Բրեմմենը մարտի 22-ի իր թվիթերյան գրառումներում հավելել է, որ Սպիտակ տան մեկ այլ պաշտոնյա, ում հարց է ուղղվել ապրիլի 24-ին հիշատակի օրվան նվիրված ակնկալվող հայտարարության մասին, ասել է, որ Բայդենը իր խոսքի տեր մարդ է: Բրեմմենի կարծիքով՝ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը շատ կզայրացնի Էրդողանին, կբարդացնի ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնումը և կնպաստի Անկարայի մեկուսացմանը: Ըստ նրա՝ այս քայլը պետք է դիտարկել Մերձավոր Արևելքի ավելի լայն քաղաքականության համատեքստում, որով նախագահ Բայդենը ավելի քիչ կաշկանդված է դառնում տարածաշրջանային որոշումներ ընդունելիս:
Այս գրառմանը հաջորդել է ամերիկյան ԶԼՄների անդրադարձը Հայոց ցեղասպանության հարցում Սպիտակ տան դիրքորշման վերաբերյալ: Մասնավորապես, The Hill պարբերականը մարտի 21-ին հաղորդել է այս հարցի վերաբերյալ Սպիտակ տան բարձրաստիճան անանուն աղբյուրի մեկնաբանության մասին, ով հիշեցրել է Բայդենի՝ նախընտրական շրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարությունը՝ ավելացնելով, որ վերջինս այն ժամանակ ասել է, որ ՛՛մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք այս սարսափելի իրողության մասին: Մենք հավերժ կհարգենք հայ ժողովրդի ցուցաբերած հաստատակամությունը այս մեծ ողբերգությունը վերապրելուց հետո՛՛: Ըստ The Hill-ի, բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է Բայդենի վարչակազմի հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանն, ու նման վայրագությունների բացառման հարցերում: Դրա կարևոր մասը պատմության ճանաչումն է, The Hill-ին է ասել իր անունը չհրապարակած Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրը:
Հիշեցնենք նաև, որ մարտի 19-ին հրապարակվեց ԱՄՆ Սենատի 38 անդամների նամակը՝ հասցեագրված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ուր սենատորները կոչ են արել նախագահին օգտագործել «ցեղասպանություն» եզրույթն իր ապրիլի 24-ի առաջիկա հնարավոր հայտարարության մեջ՝ Հիշատակի օրվա կապակցությամբ: Սենատորները պահանջել են պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը՝ հիշեցնելով, որ նախագահ Բայդենը նախկինում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ներառյալ անցած տարվա նախընտրական ընտրարշավի ժամանակ։ Սենատորները կոչ են արել նախագահին նույն կերպ վարվել արդեն երկրի ղեկավարի պաշտոնում։
Սենատորները հիշեցրել են, որ Բայդենի վարչակազմը հանձն է առել կառուցելու ամերիկյան քաղաքականությունը մարդու իրավունքների պաշտպանության և ամերիկյան արժեքների հիմքի վրա:
Հիշեցնենք նաև, որ պետքարտուղարի պաշտոնում հաստատվելու փուլում ԱՄՆ ներկայիս պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գրավոր արձագանքել է սենոտորներ Բոբ Մենենդեսի և Էդ Մարքիի հարցադրումներին՝ կապված Հայոց ցեասպանության ճանաչման հետ: Այս հարցի շուրջ հարցադրմանը ի պատասխան Բլինքենը մասնավորապես նշել է. ՛՛Նախագահ Բայդենը, դեռևս որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, Հիշատակի օրվա կապակցությամբ իր հայտարարության մեջ խոստացել է սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Մեր վարչակազմը կպարտավորվի առաջնահերթություն տալ մարդու իրավունքներին և ապահովել, որ նման ողբերգություն երբևէ չկրկնվի: Վարչակազմը կորոշի, ինչ ձևակրպում օգտագործել Սպիտակ տան հայտարարության մեջ Հիշատակի օրվա կապակցությամբ, երբ ստանձնի պաշտոնավարումը, և այս կարևոր խնդրի շուրջ խորհրդակցություններ կանցկացնի Կոնգրեսի հետ:՛՛
https://www.amerikayidzayn.com/a/5824267.html