Ով կընկնի անցումային արդարադատության տակ. Մեկնարկը տրվեց
Thursday, November 29, 2018ԵՐԵՎԱՆ - Երեկ նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում հայտարարել է, որ Իմ քայլը դաշինքի նախընտրական ծրագրում կետ է ներառվել անցումային արդարադատության մասին՝ որպես թալանվածը ժողովրդին վերադարձնելու գործիք:
Թալանվածը վերադարձնելու թեման հանրության շրջանում զգայական արձագանք է առաջացնում. մարդիկ արդարացիորեն կարծում են, որ երկար տարիներ շարունակ իրենց կողոպտել են եւ պատրաստ են ձայն տալ նրան, ով պատրաստ է վերադարձնել կողոպտվածը: Զարմանալի չէ, որ իշխող կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավը կառուցում է՝ արձագանքելով ժողովրդի ցանկությանը:
Հեղափոխությունից հետո այդ մոտեցումը բնական է: Շատ երկրներում այս գործընթացը վերածվում է արյունալի կուլակաթափության, սեփականության վերաբաշխման: Ռուսաստանում Պուտինի իշխանության գալուց հետո «պետական ռեյդի» ինստիտուտը ստեղծվեց, որով իշխանությունում գտնվող մարդիկ էին որոշում, թե ով սեփականության իրավունք ունի, ով ոչ՝ կախված իշխանությանը հնազանդությունից:
Հայաստանում ինչպե՞ս պետք է լուծվեն այդ հարցերը: Ինչպե՞ս է որոշվելու սեփականության տիրապետման ու հարստության կուտակման օրինականության կամ անիրավաչափության հարցը: Հայաստանում սեփականության մեծ մասը ձեւավորվել է 1990-ականների սկզբի սեփականաշնորհման ժամանակ: Այն ժամանակ հողը բաժանվեց գյուղացիներին, քաղաքային ակտիվները՝ քաղաքացիներին: Ամենախորամանկները կարողացան մյուսներից գնել հողն ու վաուչերները՝ դառնալով ձեռնարկությունների ու մեծ հողերի տերեր:
Անցումային արդարադատությունը դժվար թե հասնի 1990-ականներ եւ պարզի, թե ով եւ ինչպես է դարձել ժողովրդական սեփականության տերը: Անցումային արդարադատությունը կպարզի՞, թե ինչպես են ազգային ռազմավարական ակտիվները հայտնվել այլ երկրի ձեռքում: Ինչպե՞ս են երկաթուղին, գազը, էլեկտրացանցերը, հանքերի մեծ մասը, բանկային շուկայի մի մասը հայտնվել ռուսական պետական ընկերությունների ձեռքում:
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ յուրացումների գործերով 64 միլիարդ դրամի քրեական գործեր են հարուցվել: Նա նշել է, որ Մանվել Գրիգորյանը, Արմեն Ավետիսյանը, Ալեքսանդր Սարգսյանը ցանկանում են կամավոր պետությանը հանձնել սեփականությունն ու փողերը: Բայց ոչ բոլորն են պատրաստ վերադարձնել գողացվածը:
Այդ միջոցների վերադարձը երկար գործընթաց է, քանի որ պետք են դատարանների վճիռներ եւ բոլոր ընթացակարգերի պահպանում: Գործընթացն արագացնելու համար նա առաջարկում է անցումային արդարադատություն կիրառել:
Եվրամիությունն էլ է խոսում անցումային արդարադատության մասին: Երեկ ԵՄ աջակցությամբ Երեւանում մեծ ֆորում է անցկացվել՝ նվիրված անցումային արդարադատությանը: Որպես կանոն, այդ գործիքն օգտագործվում է այն ժամանակ, երբ նախորդ ռեժիմին քաղաքական գնահատական է տրվում, եւ այն որակվում է քրեական: Դրանից հետո կարող են գործի դրվել իրավական գործիքները:
Պետք է ենթադրել, որ նախորդ ռեժիմին իրավական գնահատականը կլինի նոր խորհրդարանի օրակարգի առաջին հարցերից մեկը, երբ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը մեծամասնություն ստանա: Եթե վերջին տարիների ռեժիմը քրեական որակվի, դրան կհաջորդի անցումային արդարադատության կիրառումը:
Քրեական ռեժիմի օրոք հարստացածները կարող են աղքատանալ: Ժողովուրդը կարող է հանգիստ շունչ քաշել՝ համարելով, որ պետությունը թալանած ռեժիմը չի կարողացել մարսել թալանածը: Բայց անցումային արդարադատությունը չպետք է դրանով սահմանափակվի: Այդ գործիքը թույլ կտա նաեւ վերանայել ազգային ակտիվները ու հարստություններն օտարերկրյա ընկերություններին փոխանցելու վերաբերյալ նախորդ ռեժիմի ստորագրած կասկածելի պայմանագրերը:
Մարդկանց պետք է վերադարձնել ոչ միայն թալանվածը, այլ նաեւ ազգային բարիքներն ու ակտիվները տնօրինելու իրավունքը, ինչպես Սահմանադրությունն է պահանջում:
Source: https://www.lragir.am/2018/11/29/399625/