Մեկնարկել է վարչապետ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը Բրյուսել
Monday, March 4, 2019Հայաստանի ղեկավար ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է Եվրամիության մայրաքաղաքում․ հուլիսին նա Բելգիա էր մեկնել մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
Այս այցի շրջանակում Հայաստանի վարչապետը Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Եվրոպական միության կառույցների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, ինչպես նաև Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը լրատվամիջոցների առջև հանդես կգան հայտարարությամբ, իսկ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ վարչապետը կունենա համատեղ մամուլի ասուլիս:
Փաշինյանը ելույթ է ունենալու Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանը խոսել է Լյովեն քաղաքի համալսարանում: Նա, մասնավորապես, ասել է․ - «Այժմ Հայաստանում մենք սկսել են մեծ քաղաքական և տնտեսական փոփոխությունների գործընթաց, և մեզ համար կարևորագույն հարց է կրթությունը՝ մենք դա համարում ենք դրական, ժողովրդավարական փոփոխությունների առանցքային հենասյուն: Այժմ մենք ցանկանում ենք շարունակել մեր ժողովրդավարական հեղափոխությունը այն վերածել տնտեսական հեղափոխության, և այդ առումով մեզ համար շատ կարևոր է իրական փոփոխությունների հասնել կրթության ոլորտում: Ձեր համալսարանի փորձը, և նմանօրինակ այլ համալսարանների փորձը մեզ համար շար կարևոր է: Շնորհակալ եմ Ձեր փորձը մեզ հետ կիսելու պատրաստակամության համար: Իհարկե, Հայաստանը մի երկիր է, որը մեծ ավանդույթներ ունի կրթության ոլորտում․ դեռ 11-րդ դարում Հայաստանում երկու համալսարանական կենտրոններ են հիմնադրվել»:
https://www.azatutyun.am/a/29802400.html