Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է. վիճակը ծայրահեղ ծանր է
Tuesday, June 9, 2020Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ գեներալի վիճակը ծայրահեղ ծանր է:
«Գիտակցության կորուստ է ունեցել, հիմա գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը ծայրահեղ ծանր է»,- ասաց Մկրտչյանը:
Հունվարի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության պաշտոնական կայքէջը հայտնել էր, որ ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է Մանվել Գրիգորյանի գործով համապատասխան տեղեկատվություն տրամադրել:
Մարտի 22-ին ՄԻԵԴ-ից ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը խնդրել է, որ Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով:
Մարտի 22-ին Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը՝ պահանջելով ՀՀ կառավարությունից մինչև ապրիլի 3-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:
Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր՝ նշված տեղեկատվությունը հավաքելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձևակերպելու և սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար
Ավելի վաղ, փետրվարին Մանվել Գրիգորյանը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն հետազոտվելու:
Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ից գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:
Մարտի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: Ազգային անվտանգության ծառայության ԱԱԾ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես ասված էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրմամբ սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:
https://armenpress.am/arm/news/1017936.html