Մահացել է երգիչ Հայկոն
Wednesday, September 29, 2021Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոն (Հայկ Հակոբյան), ով այս ընթացքում բուժումը շարունակում էր հիվանդանոցում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
1999-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998, 1999, 2002, 2003 և 2006 թվականներին հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002-ին՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003-ին՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։
2003 թվականին առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։
2006 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի հանրապետության վաստակավոր արտիստի կոչում:
2007 թվականին ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 8-րդ տեղը։
2007, 2010 և 2011 թվականներին արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Երաժշտություն է գրել նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդը», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի համար։
2011-ին Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։
Ունի մեկ որդի:
https://armenpress.am/arm/news/1064304.html