Հաշվառվել ու նույնականացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 101 հազար 840 անձի տվյալներ
Friday, October 20, 2023Արդեն հաշվառվել ու նույնականացվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 101 հազար 848 անձի տվյալներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ հավելելով, որ հաշվառված և նույնականացված անձանցից 48 հազար 964-ը արական սեռի է, 52 հազար 884-ը՝ իգական։
Պարզաբանելով, թե ինչու՞ է հոկտեմբերի 17-ից դադարեցվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տվյալների ուղիղ մուտքագրումը ՀՀ տարածքում գործող Հումանիտար կենտրոններից, նա նշել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ճնշող մեծամասնությունն արդեն իսկ հաշվառվել է։
«Մնացած բոլոր դեպքերում բռնի տեղահանված անձինք դեռևս կարող են մոտենալ տեղական ինքնակառավարման մարմիններ՝ թաղապետարաններ՝ Երևանի պարագայում, իսկ մարզերում՝ համայնքապետարաններ, և ներկայացնել իրենց տվյալները։ Դրանք թղթային տարբերակով կֆիքսվեն, այնուհետև կփոխանցվեն Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։ Լրացուցիչ ուսումնասիրությունների, այլ տվյալների շտեմարանների հետ համադրման և ճշգրտման արդյունքում նոր տվյալները կմուտքագրվեն ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերաբերյալ տվյալների շտեմարան»,-մանրամասնել է Ղազարյանը՝ կոչ անելով աշխատել մինչև սահմանված վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 25-ը, հաշվառվել։