Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները ապացուցող զեկույց է հրապարակվել
Friday, November 12, 20212020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի հանդեպ սանձազերծած ագրեսիան, որն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակչության դիտավորյալ թիրախավորմամբ, գերիների հանդեպ կտտանքներով և արտադատական սպանություններով, ևս մեկ վկայություն են Արցախն իր բնիկ ժողովրդից «մաքրելու» Ադրբեջանի պետական քաղաքականության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի անվտանգային ֆորումի ընթացքում ասել է ՄԱՀՀԻ նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ ներկայացնելով 44-օրյա պատերազմին վերաբերող իր հերթական զեկույցը, որը կենտրոնանում է Ադրբեջանի Հանրապետության կողմից պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ իրականացված պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների վրա:
«Այսօր ձեզ ենք ներկայացնում բավական ծանր զեկույց՝ նկատի ունենալով փաստերի դաժանությունը, որոնք կգտնեք այս զեկույցում: Ինչպես գիտեք՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ ու գործուն աջակցությամբ, վարձկան ահաբեկիչների զանգվածային ներգրավմամբ լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ: Ադրբեջանական ագրեսիան տեղի ունեցավ աշխարհի համար բարդ ժամանակ՝ COVID-19-ի պայմաններում, այն պարագայում, երբ 2020 թ. մարտի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը աշխարհի բոլոր հատվածներում հրադադարի կոչ էր արել՝ նշելով, որ պետք է դադարեցնել զինված հակամարտությունները և կենտրոնանալ մարդկանց կյանքերի համար մղվող իրական պատերազմի վրա», - նշել է Ստյոպա Սաֆարյանը:
https://armenpress.am/arm/news/1068045.html