Հայ-ամերիկյան զորավարժություններ Հայաստանում. Մոսկվան «մտահոգված է»
Wednesday, September 6, 2023Հաջորդ երկուշաբթի՝ սեպտեմբերի 11-ին, Հայաստանում կմեկնարկեն հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները՝ «Արծիվ գործընկեր 2023» խորագրով։
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ շուրջ 10 օր նախատեսված զորավարժությունները կանցկացվեն միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։ Ռազմական գերատեսչությունը շեշտում է, որ զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։
«Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ Գործընկերություն հանուն խաղաղության «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար», - ասված է հաղորդագրությունում։
Պաշտոնական Մոսկվան արդեն մտահոգիչ է որակել ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելու Հայաստանի մտադրությունը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը զգուշացրել է՝ կհետևեն իրավիճակին։
«Նման լուրերը մտահոգության տեղիք են տալիս՝ հատկապես ներկա իրավիճակում։ Մենք խորությամբ կվերլուծենք այդ տեղեկությունները», - նշել է Պեսկովը։
Հայ - ամերիկյան զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական, «Ռոյթերզ»-ին փոխանցել է Միaցյալ Նահանգների պաշտպանության նախարարության խոսնակը։ Ամերիկացի զինվորականների կազմում է լինելու նաև Կանզասի ազգային գվարդիան, որն արդեն 20 տարի համագործակցում է Հայաստանի հետ։ Զորավարժությունների ընթացքում ամերիկացի զինվորականները կօգտագործեն հրաձգային զինատեսակներ և չեն կիրառի ծանր զինտեխնիկա։
«Այս զորավարժությունը ոչ միայն հիմնված է Հայաստանի հետ Կանզասի ազգային գվարդիայի 20-ամյա հարաբերությունների վրա, այլ նաև մշտական և ռոտացիոն ուժերի միջև մեր հարաբերությունների վրա», - ասել է ԱՄՆ բանակի Եվրոպայի և Աֆրիկայի խոսնակ Մարտին Օ'Դոնելը` հավելելով. - «Այն կենսական հնարավորություն է մեր զինվորների համար՝ անցկացնելու ինտեգրված, ամբողջական ուժային վարժանք՝ մարտավարական մակարդակում նոր հարաբերություններ կառուցելիս»:
Հայաստանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, միայն տեղեկացրել է, որ զորավարժությունները կանցկացվեն խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում։
Ի դեպ, հենց ամերիկյան աջակցությամբ բարեկարգված «Զառը» կենտրոնը բացվեց անցած տարի։ Այն Պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները, զորավարժությունները, վերապատրաստման դասընթացներ և այլն:
Ռազմական փորձագետները նշում են, որ հայ -ամերիկյան զորավարժություններ Հայաստանում էլի են եղել, պարզապես առաջին անգամ դրանք մասշտաբային են լինելու։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հայ-ամերիկյան զորավարժությունները դիտարկում է ամերիկյան քաղաքական ակտիվության շրջանակում, ինչը Միացյալ Նահանգները դրսևորում է ամիսներ շարունակ, մասնավորապես նաև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ Հայաստանն էլ այս քայլով լուծում է իր քաղաքական խնդիրներն ու նպատակները։
«Որքան ինձ հայտնի է, զորավարժության նախաձեռնողը, առաջարկ անողը եղել է Միացյալ Նահանգները, Երևանը պարզապես չի մերժել ու ընդառաջել է այս առաջարկին: Իհարկե, սա իր հերթին պայմանավորված է Հայաստանի իշխանության քաղաքական խնդիրներով ու նպատակներով. Հայաստանի իշխանությունը փորձում է այսկերպ որոշակիորեն նվազեցնել այն կախվածությունը, որ կա Ռուսաստանից, միևնույն ժամանակ Արևմուտքին ևս փորձում է բերել, այսպես ասենք, Հայաստանի անվտանգության համար պատասխանատվության դաշտ, բարձրացնել պատասխանատվությունը», - նշեց Բադալյանը:
Քաղաքական մեկնաբանի համոզմամբ, սակայն, առանցքային հարցն այն է, թե ինչպես են այդ զորավարժություններին արձագանքում Ռուսաստանն ու Իրանը։ Այս տեսնակյունից, բնականաբար, Երևանը պետք է կարողանա դիվանագիտական լուրջ աշխատանք տանել Մոսկվայի և Թեհրանի հետ, որպեսզի անվտանգային խնդիրներ լուծելուն զուգահեռ, Հայաստանը չդարձնի հակադիր ուժերի բախման թատերաբեմ։ Հատկապես, որ Ադրբեջանը պատրաստ սպասում է այդպիսի հնարավորության։
«Խոսքն այն մասին չէ, որ պետք է ստանայինք թույլտվություն Ռուսաստանից, խոսքն այն մասին է, որ պետք է իրավիճակը բացատրվի, որպեսզի չառաջանան հակառակ ռեակցիաներ և մենք, այսպես ասենք, անվտանգության էֆեկտ ստանալու փոխարեն չստանանք անվտանգության նոր դեֆեկտներ», - ընդգծեց Հակոբ Բադալյանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն առայժմ որևէ կերպ չի արձագանքել հայ - ամերիկյան զորավարժությունների շուրջ Մոսկվայից հնչած մտահոգություններին։
Հայ - ռուսական հարաբերությունները վերջին շրջանում խիստ լարվել են, երեկ Երևանը Մոսկվայի գլխավորած ռազմական դաշինքից՝ ՀԱՊԿ-ից հետ կանչեց իր ներկայացուցչին։ Նոր ներկայացուցիչ դեռ չի նշանակվել։