Հայուհին նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Wednesday, January 10, 2024Կինոարվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիան Թենի Մելիդոնյանին նշանակել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն, որը նորաստեղծ պաշտոն է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ակադեմիայի գործադիր տնօրեն Բիլ Քրամերը։
Նոր պաշտոնում Թենի Մելիդոնյանը կղեկավարի ռազմավարությունը, տաղանդների հետ կապերը, հատուկ միջոցառումները և մրցանակաբաշխության բոլոր ծրագրերի և միջոցառումների արտադրական թիմերը, ինչպես փոխանցում է «Hollywood Reporter»-ը՝ այս մասին նշել է Քրամերը։
Մելիդոնյանը սերտորեն կաշխատի «Օսկար»-ի պրոդյուսերների և հաղորդավարների, Disney/ABC-ի և Ակադեմիայի ղեկավարության, ներառյալ՝ Կառավարիչների խորհրդի և նրա հանձնաժողովների հետ, ինչպես նաև կհամակարգի այն թիմերի աշխատանքը, որոնք ներգրավված են «Օսկար»-ի մրցանակաբաշխության արարողության մշակման և անցկացման, ինչպես նաև այն համաշխարհային լայն լսարանին ներկայացնելու գործում:
Ակադեմիայի տնօրենը՝ բարձր գնահատելով Մելիդոնյանի փորձը, ստեղծագործական անհատականությունն ու հեռանկարային լինելը, կարևորել է այս պաշտոնը, հատկապես՝ «Օսկար»-ի 100-րդ մրցանակաբաշխությանն ընդառաջ։
Քրամերի ղեկավարությամբ՝ 2022 թվականին Մելիդոնյանը գլխավորել է «Օսկար»-ի նորաստեղծ ռազմավարական ստորաբաժանումը, որն ամբողջ տարվա ընթացքում աշխատում էր մրցանակների հետ կապված բոլոր ծրագրերի վրա:
Մելիդոնյանը վերջերս «Օսկար»-ի ռազմավարության փոխնախագահն էր: Նա իր ակադեմիական կարիերան սկսել է 2005 թվականին՝ որպես հաղորդակցության և հրապարակայնության բաժնի ղեկավար, վերահսկելով ապրանքանիշի ռազմավարությունը և մարքեթինգը:
Մինչ ամերիկյան կինոկադեմիա ընդունվելը, նա աշխատել է Վաշինգտոնում, այդ թվում՝ ՀՀ դեսպանությունում։