Հայկական կողմը հաղորդում է 3 զոհի և 2 վիրավորի մասին
Friday, September 1, 2023Վարդենիսի սահմանին այսօր երեք զինծառայող է զոհվել ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով՝ Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը, Վաչագան Սարոյի Վարդանյանը։
Պաշտպանության նախարարությունը զոհերի թվում նաև Նարեկ Կարենի Պողոսյանի անունն էր հրապարակել, սակայն րոպեներ առաջ տեղեկացրին՝ նոր զեկույց են ստացել բժիշկներից, համաձայն որիռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու համար շարունակվում են:
Նարեկից բացի հայկական կողմը մեկ վիրավոր էլ ունի։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Զոհերից երկուսը Արարատի մարզից են՝ Անդրանիկ Անտոնյանն ու Արսեն Մկրտչյանը։ Նրանք ընդամենը երկու շաբաթ առաջ վարժական հավաքի էին կանչվել:
Ռանչպարի բնակիչ էր 37-ամյա Արսեն Մկրտչյանը, համայնքապետն ասում է՝ գույժը գյուղ հասնելուն պես նրա հղի կնոջը հիվանդանոց են տարել:
«Անցած ամսվա 15-ին գնացել ա 25-օրյա պարտադիր հավաքին: Ամուսնացած ա, երկու երեխա ուներ, կինը հղի էր, ապրում էր ծնողների հետ, զբաղվում հողագործությամբ, շատ շնորհքով, խելոք, զուսպ, լավ տղա էր», - նշեց Ռանչպար համայնքի վարչական ղեկավար Վահան Վարդանյանը:
36-ամյա Անդրանիկ Անտոնյանը Նորաբաց գյուղից էր, վարժական հավաքի գնացած հողագործ:
«Անդրանիկը զբաղվում էր հողագործությամբ, ուներ տեխնիկա, ամուսնացած չի, ունի երկու քույր իրանից մեծ, ամուսնացած», - ասաց Նորաբաց համայնքի վարչական ղեկավար Մարգար Մարգարյանը: