Հայաստանում արդեն հաշվառվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 42 716 անձ
Tuesday, January 16, 2024Հայաստանում արդեն հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 42 716 անձ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ հավելելով, որ առաջնահերթություն է տրվել 63 տարեկանից բարձր անձանց, որպեսզի կենսաթոշակ ստանալու հետ կապված խնդիրներ չառաջանան։
«42716-ից 13747–ը եղել են 63 տարեկանից բարձր քաղաքացիներ, ինչը ամբողջ թոշակառու բնակչությունն է։ Կենսաթոշակի մասով այս խնդիրը լուծված է»,– ասաց Ղազարյանը։
Ղազարյանի խոսքով՝ փորձ է արվում ավելի արդյունավետ կառավարել ստեղծված իրավիճակը։
«Մենք փորձում ենք ամբողջությամբ էլեկտրոնային հաշվառմանն անցնել, ուղղակի դա չի կարող վերաբերվել զուտ միայն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, դա առավել մասշտաբային միջոցառում է, որը որոշակի ժամանակ է պահանջում»,- ասաց Ղազարյանը։