Թրամփի վարչակազմի առողջապահության ոլորտի առաջատար մասնագետները, որոնք առնչվում են նոր coronavirus- ին վերաբերող հարցերին, այս շաբաթ Սենատում հեռավար վկայություն կտան վիդեոկոնֆերանսի միջոցով, այն բանից հետո, երբ նրանցից երեքի և հանձնաժողովի նախագահի մոտ հայտնաբերվել է COVID-19:
Բացի այդ, փոխնախագահ Մայք Փենսը ինքնամեկուսացել էր հանգստյան օրերին այն բանից հետո, երբ իր աշխատակազմի անդամը ստացավ դրական պատասխան կորոնավիրուսի թեստին: Փենսը ղեկավարում է Թրամփի կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խումբը:
Այս զարգացումները ընթացան վարչակազմի կողմից տնտեսությունը վերաբացելուն ուղղված ջանքերի պատկերին: Բացի այդ, Սենատում, սենատոր Լամար Ալեքսանդրի աշխատակազմի անդամի մոտ ևս հայտնավբերվել է COVID-19, որի արդյունքում սենատորը որոշեց նախագահել երեքշաբթի օրվա լսումներին վիդեոկոնֆերանսի միջոցով և ինքնամեկուսանալ երկու շաբաթով Թենեսի նահանգի իր տանը:
Առողջապահության ոլորտի փորձագետների քննարկումներին զուգահեռ, նախագահ Թրամփի փաստաբանները փորձում են համոզել Գերագույն դատարանին թույլ տալ նախագահ Թրամփին չհրապարակել իր հարկային և այլ ֆինանսական հաշվետվությունները: Դատավորները հեռախոսով լսում են փաստաբանների փաստարկներն առանցքային այս գործի շուրջ, որը կարող է ազդել նախագահական ընտրապայքարի արդյունքների վրա: Նախագահի դեմ կայացրած վճիռները կարող են հանգեցնել անձնական ֆինանսական տեղեկատվության հրապարակմանը, որի դեմ Թրամփը համառորեն պայքարում է:
Բացի այդ, հինգշաբթի օրը Ներկայացուցիչների պալատում լսումներ էին անցկացվում Կենսաբժշկական առաջադեմ հետազոտությունների և զարգացման մարմնի նախկին տնօրեն դոկտոր Ռիկ Ա Բրայթի հետ կապված զարգացումների առնչությամբ: Բրայթը պնդում է, որ իրեն ընդհանրապես հեռացրել են աշխատանքից և իջեցրել պաշտոնը, քանի որ ինքը դեմ է եղել Թրամփի կողմից հավանություն տրված մալարիայի դեմ դեղամիջոցի համատարած օգտագործման քաղաքական որոշմանը:
Սակայն ընթացիք շաբաթվա ամենակարևոր զարգացումներից է լինելու վարչակազմի և Կոնգրեսի արձագանքները բիզնեսների վերաբացմանը, քանի որ նահանգները աստիճանաբար թուլացնում են այն սահմանափակումները, որոնք նախատեսված էին կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու համար:
Որոշումները վերաբացման մասին ընդունվում են նախընտրական ժամանակաշրջանում, երբ վեց ամսից պակաս է մնացել մինչև ընտրությունները: Նախագահ Թրամփը և այլ գործիչներ հանրային առողջապահության և տնտեսական ճգնաժամի այս պայմաններում փորձում են վերընտրվել նոյեմբերի 3-ին:
Ըստ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի, զգուշավորությամբ վերաբացելու դեպքում ու նահանգապետների հետ համագործակցությամբ, ռիսկը նվազում է: Ֆինանսների նախարարն ավելի մեծ վտանգ է տեսնում երկիրը փակ պահելու մեջ: Վերջինս վերաբացման հիմնական ջատագովներից է :
Սակայն օրերս Սպիտակ տանը կորոնավիրուսով հիվանդ հայտնաբերելուց հետո կարանտինում են հայտնվել Սպիտակ տան հանձնախմբի մի շարք պաշտոնյաներ, ներառյալ Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն դոկտոր Էնթոնի Ֆաուչին. Վարակի վերահսկման կենտրոնի տնօրեն դոկտոր Ռոբերտ Ռեդֆիլդը և Սննդի և դեղորայքի վարչության հանձնակատար, դոկտոր Սթիվեն Հանը: վերջիններս ինքնամեկուսացել են երկու շաբաթով:
Այս զարգացումներն ու Սպիտակ տան մի շարք կանխարգելիչ միջոցառումները երկրի առաջնոդների առողջության և անվտանգության պահպանման ուղղությամբ որոշակի հակասություն են ստեղծել նախագահի որդեգրած ուղեգծի հետ, ով հրաժարվում էր դիմակ կրել Սպիտակ տանը կայացած հանդիպումների կամ հրապարակային միջոցառումների ժամանակ:
Թրամփն ասել է, որ որոշ աշխատակիցներ, ովքեր շփվում են նրա հետ սերտորեն, այժմ ամեն օր կթեստավորվեն: Բացի այդ, Փենսը լրագրողներին տեղեկացրել է, որ ինչպես ինքը, այնպես էլ նախագահ Թրամփն այժմ նույնպես ամեն օր կթեստավորվեն:
Թրամփի խորհրդական Քևին Հասեթը նշել է, որ այսօր մտահոգիչ և վտանգավոր է դարձել բազմամարդ Սպիտակ տուն աշխատանքի գնալը: Նա նշել է, որ պահպանում է սոցիալական հեռավորության կանոնը և կրում դիմակ, սակայն նա վստահ է, որ այսօր երկրին ծառայելու ժամանակն է:
Սենատն այս շաբաթ կվերսկսի իր նստաշրջանը: Ներկայացուցիչների պալատը դեռ չի նախատեսել իր վերադարձը աշխատանքի, քանի որ դեմոկրատները վճռական են տրամադրված կորոնավիրուսային օրինագծի հարցում, որը պատրաստ կլինի քվեարկությանը նախքան անդամների վերադարձը:
Այժմ քննարկվող հիմնական թեմաներից է աջակցության նոր փաթեթի հնարավոր ընդունումը , որի շուրջ դեռևս չկա համաձայնություն: Գործադիրը չի շտապում առաջարկել նոր փաթեթ, իսկ հանրապետականների շրջանում չկա միասնական տեսլական հաջորդ քայլի վերաբերյալ: Հայտնի է, որ այս ուղղությամբ ընթանում են քննարկումներ գործադիր ու օրեսդիր մարմինների ներկայացուցիչների միջև, որին մասնակցում են գործիչներ երկու կուսակցություններից: Նախագահի տնտեսական հարցերով խորհդական Լարի Քուդլլովն առաջարկում է սպասել մի փոքր խրախուսման առաջին փաթեթի տնտեսական ազդեցությունը գնահատելու համար:
https://www.amerikayidzayn.com/a/5415371.html