Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը ԵԱ-ի ոսկե, Արա Աղանյանը`արծաթե մեդալակիր
Friday, April 21, 2023Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 96 կգ քաշային ծանրորդները: Այս քաշում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Արա Աղանյանը և Դավիթ Հովհաննիսյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 164, 167, 170 կգ: Այս վարժությունում Հովհաննիսյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում նա ֆիքսեց 200, 205 կգ և այս վարժությունում ևս դարձավ ոսկե մեդալակիր: Երկամարտի 377 կգ արդյունքով Եվրոպայի կրկնակի չեմպիոնը Դավիթ Հովհաննիսյանն է:
Հայաստանի ընտրանու մյուս անդամը` Արա Աղանյանը, պոկում վարժությունում ունեցավ մեկ հաջող մոտեցում` 165 կգ: Այս վարժությունում Աղանյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրումում Աղանյանը մեկ մոտեցմամբ` 199 կգ-ով դարձավ վարժության արծաթե մեդալակիր, իսկ երկամարտում նա գրանցեց 364 կգ արդյունք ու դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:
Արա Աղանյանը երկրորդ մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում: Աղանյանը նախորդ տարի դարձել էր ԵԱ-ի արծաթե մեդալակիր:
Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: 76 կգ քաշում Տաթև Հակոբյանը նվաճեց ԵԱ-ի արծաթե մեդալը, իսկ 16-ամյա Էմմա Պողոսյանը 5-րդն էր: Աննա Ամրոյանը 81 կգ քաշի B ենթախմբում 6-րդն է, իսկ Լիանա Գյուրջյանը A ենթախմբում 10-րդն էր:
Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունը նվաճել է բրոնզե մեդալ: Իսկ 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը:
https://armenpress.am/arm/news/1109317.html