Խնդրում է Աստուծոյ շնորհքը ծերանալու ժամանակին։
Friday, January 13, 20231 Ով Տէր, ես քեզ եմ յուսացած՝ թող չ՛ամաչեմ յաւիտեան։
2 Քո արդարութիւնովն ապրեցրու եւ ազատիր ինձ. Խոնարհեցրու քո ականջները ինձ մօտ՝ եւ փրկիր ինձ։
3 Ապաւինութեան վէմ եղիր ինձ համար, որ միշտ քեզ մօտ գամ. Դու հրամայեցիր որ փրկես ինձ, որովհետեւ իմ վէմը եւ իմ բերդը դու ես։
4 Աստուած իմ, փրկիր ինձ ամբարշտի ձեռքիցը՝ անօրէն եւ բռնաւոր մարդի ձեռքիցը։
5 Որովհետեւ դու ես իմ ապաւէնը, ով Տէր Եհովայ, իմ յոյսը իմ մանկութիւնիցը դու ես։
6 Ես քեզ վերայ հաստատուեցայ արգանդիցը. Դու ես իմ պահապանն իմ մօր փորիցը. Իմ աօրհնութիւնը միշտ քեզ համար է։
7 Ես հրաշքի պէս եղայ շատերի համար. Բայց դու ես իմ զօրաւոր ապաւէնը։
8 Թող իմ բերանը լցուի քո գովասանքովը. Ամեն օր քո փառաբանութիւնովը։
9 Իմ ծերութեան ժամանակումը դէն մի գցիր ինձ. Զօրութիւնս պակասուելիս մի թողիր ինձ։
10 Որովհետեւ թշնամիներս խօսում են ինձ դէմ. Եւ իմ անձին սպասողները իրար հետ խորհուրդ են անում.
11 Եւ ասում. Աստուած թողեց նորան, հալածեցէք եւ բռնեցէք նորան. Որովհետեւ ոչ ով չ՛կայ, որ փրկէ նորան։
12 Ով Աստուած, մի հեռանար ինձանից. Ով Աստուածս, շուտով օգնիր ինձ։
13 Թող ամաչեն ու կորչեն իմ անձի հակառակողները. Թող նախատինքով եւ ամօթով ծածկուին ինձ չար ուզողները։
14 Բայց ես միշտ կ՛սպասեմ, եւ քո ամեն փառաբանութիւնների վերայ փառաբանութիւն կ՛աւելացնեմ։
15 Թող իմ բերանը պատմէ քո արդարութիւնը, ամեն օր քո փրկութիւնը, որովհետեւ ես չ՛գիտեմ նորանց համրանքը։
16 Ես կ՛գամ Տէր Աստուծոյ զօրութիւնովը. Ես կ՛յիշեմ մինակ քո արդարութիւնը։
17 Ով Աստուած, դու սովորեցրիր ինձ իմ մանկութիւնիցը, եւ մինչեւ հիմա պատմում եմ քո հրաշքները։
18 Եւ հիմա մինչեւ իմ ծերութիւնը եւ ալեւորութիւնը մի թողիր ինձ, ով Աստուած. Մինչեւ որ քո բազուկը պատմեմ յաջորդ սերունդին եւ քո զօրութիւնը բոլոր եկողներին։
19 Եւ քո արդարութիւնը, ով Աստուած, մինչեւ բարձրն է որ դու մեծամեծ բաներ արիր. Ով Աստուած, ո՞վ է քեզ նման։
20 Դու որ նեղութիւններ եւ չարչարանք ցոյց տուիր ինձ. դարձեալ կենդանի ես անում ինձ՝ եւ երկրի անդունդիցը դարձեալ հանում ես ինձ։
21 Դու շատացնում ես իմ մեծութիւնը, եւ դարձեալ մխիթարում ես ինձ։
22 Ես կ՛գոհանամ քեզանից, ով Աստուած, նուագարանով քո ճշմարտութեանը համար. Սաղմոս կ՛ասեմ քեզ քնարով, Ով Իսրայէլի Սուրբդ։
23 Իմ շրթունքները կ՛ցնծան՝ երբոր սաղմոս ասեմ քեզ. Եւ իմ անձը՝ որ դու փրկեցիր։
24 Եւ իմ լեզուն էլ ամեն օր կ՛խօսի քո արդարութեանը համար, որովհետեւ ամաչեցին եւ ամօթ եղան ինձ չար ուզողները։