Ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի Կառավարության շենքի մոտ անցկացվեց բողոքի ակցիա
Monday, August 8, 2022ՀՀ կառավարության շենքի մոտ օգոստոսի 8-ի երեկոյան «Արցախի Հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնության անդամները ակցիա անցկացրին՝ ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության շենքի մոտ հայտարարությամբ հանդես եկավ նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը:
«Բերձորի, Աղավնոյի, Սուսի բնակիչների առաջ դրվում է ապօրինի պահանջ՝ լքել իրենց հայրենի տները՝ նպատակ հետապնդելով խաթարելու Արցախը Հայաստանին միացնող Լաչինի մարդասիրական միջանցքի կարգավիճակը: Պահանջում ենք Հայաստանի ու Արցախի կառավարություններից թույլ չտալ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի այնպիսի մեկնաբանություններ, որոնք իրականում բացակայում են այդ փաստաթղթից: Այն է՝ Բերձորի, Սուսի, Աղավնոյի բնակիչների տարհանումն իրենց տներից»,-նշեց Նարեկ Այվազյանը՝ կոչ անելով կանգնել արցախցու կողքին:
«Արցախի Հանրապետության ճանաչում» նախաձեռնությունը նախատեսում է ակցիաներ իրականացնել Հայաստանում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպանությունների մոտ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակիչները մինչև ընդ օգոստոսի 25-ը պետք է տարհանվեն։
https://armenpress.am/arm/news/1089905.html