Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը համերաշխություն է հայտնել Հայաստանին՝ դեմ քվեարկելով Ադրբեջանի հետ միջազգային համաձայնագրին
Friday, November 4, 2022Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, ի նշան Հայաստանի հետ համերաշխության, նոյեմբերի 3-ին չի հաստատել Ադրբեջանի հետ կնքված միջազգային համաձայնագիրը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն հայտնեց, որ Մադրիդում 2021 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագիրը ենթադրում էր Ադրբեջանի հետ գաղտնի տեղեկատվության փոխանակում և այդ տեղեկատվության պաշտպանություն։
Պատգամավորների քվեարկության արդյունքում համաձայնագիրը 174 դեմ և 132 կողմ ձայներով չի վավերացվել։
Քվեարկությունից առաջ՝ համաձայնագրի շուրջ քննարկումների ժամանակ, Ինյարիտուն «անհեթեթություն» է որակել նմանօրինակ համաձայնագրի ստորագրումը՝ հատկապես հենց այս պահին, երբ «ագրեսոր Ադրբեջանը սեպտեմբերին հարձակում էր իրականացրել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ օկուպացնելով Հայաստանի մի քանի քառակուսի կիլոմետր տարածք»։ «Ադրբեջանական ռեժիմը կոռումպացված է, ագրեսոր և այլախոհների հանդեպ անհանդուրժող»,- նշել է Ինյարիտուն՝ ընդգծելով այդ երկրում խոսքի ազատության և մարդու իրավունքների ոտնահարումների փաստն ու քաղբանտարկյալների մեծ թիվը։
Մեկ այլ պատգամավոր՝ Մարտա Ռոսիկը, դատապարտել է Իսպանիայի կառավարությանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի առնչությամբ լուռ մնալու համար։ Նա նաև քննադատությամբ է հանդես եկել առ այն, որ Իսպանիան մինչ օրս չի ճանաչել «այնպիսի վայրագությունը, ինչպիսին է հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը և փոխարենը ցանկանում է նման համաձայնագիր կնքել»։
Ադրբեջանի հետ համաձայնագրի վավերացմանը դեմ են քվեարկել Իսպանիայի Ժողովրդական կուսակցության (PP), ինչպես նաև VOX և անկախականների կուսակցությունների պատգամավորները։ «Միասին՝ կարող ենք» (Unidas Podemos) դաշինքի ներկայացուցիչները քվեարկել են ձեռնպահ։
Վերոնշյալ կուսակցությունների պատգամավորներ քննարկման ընթացքում ընդգծել են Ադրբեջանում կոռումպացված ռեժիմի, խոսքի ազատության և մարդու իրավունքների ոտնահարումների մասին, անդրադարձ են կատարել 2022թ. սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիային և դրա հետևանքներին։
Ավելի վաղ՝ 2022թ. հոկտեմբերի 6-ին, Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսը լիագումար նիստում միաձայն ընդունել էր հայ ժողովրդին զորակցության հայտարարություն՝ դատապարտելով 2022թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիան։
Հիշեցնենք, որ 2022թ. հուլիսին տեղի էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Մադրիդ, ինչը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարիների ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի մակարդակով առաջին երկկողմ այցն էր Իսպանիա։ Այցը զգալիորեն նպաստել է հայ-իսպանական հարաբերությունների առաջմղմանը: Նախարար Արարատ Միրզոյանն այցի շրջանակներում երկկողմ հանդիպումներ է ունեցել իր գործընկերոջ՝ Իսպանիա ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի և Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ: Վերջինիս հետ կայացած հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել էր ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը և ընդգծվել, որ ուժի կիրառումը չի կարելի հակամարտությունների ու խնդիրների լուծման միջոց համարվել:
https://armenpress.am/arm/news/1096465.html