Թրամփը սպառնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնել մշտապես
Tuesday, May 19, 2020ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսին եւ ընդգծել ՄԱԿ-ի այս գործակալությունում կորոնավիրուսի հետ կապված իր ‘’լուրջ մտահոգությունները’’: Նամակում Թրամփը գրել է, թե առաջ շարժվելու համար կազմակերպությունը պետք է ապացուցի, որ իրականացնում է Չինաստանից անկախ գործունեություն: Ըստ Թրամփի, եթե ԱՀԿ-ը եկող 30 օրերի ընթացքում ‘’չվերափոխի իր գործունեությունը, Միացյալ Նահանգները կազմակերպության ֆինանսավորումը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումը կփոխարինի մշտապես դադարեցնելու որոշումով:
ԱՀԿ-ի գլխավոր անդամ պետություններն այժմ կոչ են անում սկսել անկախ հետաքննություն, գնահատելու համար կորոնավիրուսի դեմ միջազգային ջանքերը:
Թեդրոս Ղեբրեյեսուսը նշում է, որ իր կազմակերպությունը կորոնավիրուսը համաշխարհային խնդիր է հայտարարել դեռեւս հունվարի 30-ին, երբ Չինաստանից դուրս հայտնաբերվել էր վարակի 100-ից պակաս դեպք: Հաջորդ շաբաթների ընթացքում ԱՀԿ-ը նախազգաշացրել էր, որ աշխարհում վիրուսի տարածումը կանխելու հնարավորությունները չնչին են:
Սակայն հիվանդության տարածման առաջին մի քանի ամիսներին ԱՀԿ-ի պաշտոնատար անձինք պարբերաբար են հայտարարել, որ կորոնավիրուսի տարածումը ‘’սահմանափակ’’ հնարավորություններ ունի եւ նշել, որ այն այնքան վարակիչ չէ, որքան գրիպը:
ԱՀԿ-ը կորոնավիրուսը հայտարարեց համաճարակ մարտի 11-ին, երբ այն աշխարհում արդեն իսկ դարձել էր մեծաթիվ մարդկանց մահվան պատճառ ու արդեն իսկ վերածվել համաճարակի Հարավային Կորեայում, Իտալիայում, Իրանում ու մի շարք այլ երկրներում:
Թրամփը ՄԱԿ-ի ենթակայության տակ գործող ԱՀԿ-ին երկուշաբթի օրն անվանել է ‘’Չինաստանի խամաճիկ:
https://www.amerikayidzayn.com/a/5426375.html