Թրամփը հաղթել է Նյու Հեմփշիրի նախնական ընտրություններում
Wednesday, January 24, 2024ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիր նահանգում հաղթող է ճանաչվել հանրապետականների կողմից նախագահական ընտրություններում առաջադրվել ցանկացող թեկնածուների շարքում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ի հրապարակումը։
Ընտրապայքարից դուրս եկած Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսից հետո Դոնալդ Թրամփի դեմ պայքարող միակ թեկնածուն ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին է։ Չնայած Նյու Հեմփշիրում պարտությանը, Հեյլին հայտարարել է, որ կշարունակի պայքարը։
Նյու Հեմփշիրում նախնական ընտրությունների (փրայմերիզ) քվեաթերթիկների 75 %-ի հաշվարկի արդյունքներով՝ Թրամփը հավաքել է ձայների 55 %-ը, Նիկի Հեյլին՝ 43,6 %-ը։
Նյու Հեմփշիրում անցկացվել է նաև դեմոկրատների փրայմերիզ։ Դեմոկրատների աջակիցներն իրենց նախապատվությունը տվել են գործող նախագահ Ջո Բայդենին։
Ավելի ուշ Բայդենը հայտարարել է. «Այժմ հստակ է, որ Դոնալդ Թրամփը կլինի Հանրապետական կուսակցության թեկնածուն»։