Թրամի նկատմամբ Բայդընի առավելությունը կրճատվում է
Tuesday, September 1, 2020ԱՄՆ-ում միջռասայական լարվածության հարցը հայտնվել է երկրի նախագահական ընտրապայքարի բեմահարթակում: Նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդընը նախագահ Դոնալդ Թրամփին է մեղադրում շաբաթավերջին տեղի ունեցած մահացու բռնությունների մեջ:
‘’Օրենքի գերակայության մասին միայն խոսելով`Թրամփը չի կարող ամրապնդել իր դիրքերը: Իսկ այն հանգամանքը, որ նա իր աջակիցներին չի հորդորում դադարեցնել բռնությունները, հաստատ կարելի է ասել, որ թուլացնում է նրա դիրքերը’’, հայտարարել է Ջո Բայդընը:
Հիշեցնենք, որ նահանգի Փորթլենդ քաղաքում Թրամփի աջակիցների ու ‘’Սեւերի կյանքն արժեք ունի’’ շարժման անդամների միջեւ շաբաթ օրը տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել էր Թրամփին աջակից ծայրահեղ աջթեւային ‘’Հայրենասեր աղոթող’’ խմբավորման մի անդամ: Խմբավորում, որի անդամներին թվիթերյան իր էջում Թրամփն անվանել է ‘’մեծ հայրենասերներ’’:
Մինչ այդ ոստիկանների կրակոցների պատճառով սեւամորթ մարդու սպանությունից հետո անցյալ շաբաթ Վիսքոնսինի Քենոշա քաղաքում սկսված ցույցի ընթացքում Թրամփի աջակիցներից մեկն էլ կրակել էր երեք անձանց, որոնցից երկուսը մահացել էին:
Դոնալդ Թրամփը ռասայական հավասարության համար պայքարող ցուցարարներին անվանել է անարխիստներ ու քննադատել դեմոկրատներին բռնությունները սատարելու համար: Նրա խոսքերով, դեմոկրատներն այս եղանակով են ուզում հավաքել սեւամորթ ամերիկացիների ձայները:
Բայդընը խստորեն դատապարտել է բոլոր բռնությունները, անկախ նրանից, դրանք իրականացվում են իր, թե Թրամփի աջակիցների կողմից: Նրա խոսքերով, բռնությունները փոփոխություն չեն բերի: ‘’Բռնությունները միայն բերում են ավերածություն’’, ասել է նա:
Նախագահ Թրամփը մտադիր է այս շաբաթվա ընթացքում այցելել Քենոշա, չնայած նման քայլի չդիմելու մասին նահանգապետի հորդորին: ‘’Ձեր ներկայությունը կձգձգի այս բաժանումը հաղթահարելու մեր աշխատանքները’’, գրել է նա Թրամփին հղված նամակում:
Ռասայական լարվածությունն ու կորոնավիրուսի համաճարակը մեծապես են ազդում նախագահական թեկնածուների վարկանիշների վրա: Իսկ հարցումները ցույց են տալիս, որ դրանց արդյունքում Թրամփի նկատմամբ Բայդընի մինչ այժմ առկա առավելությունը կրճատվում է: Եվ դա հատկապես նկատելի է տատանվող նահանգներում` Միչիգանում եւ Փենսիլվանիայում:
https://www.amerikayidzayn.com/a/5566424.html