Թուրքիան հայտարարում է, թե Հադրութի շրջանում կրակոցները հրադադարի ռեժիմի խախտում են
Tuesday, December 29, 2020Թուրքիայի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել է, թե Հադրութի շրջանում կրակոցները հրադադարի ռեժիմի խախտում են:
«Հայ զինված տարրերի հարձակումները, որոնք հրաժարվել են զենքը վայր դնել և նահանջել, Ադրբեջանի զինված ուժերի դեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի ակնհայտ խախտում է», - ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահները ճշտում են Հադրութի շրջանում կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հայտարարեց, որ հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե դեկտեմբերի 27-ին հայկական զինված խումբը հարձակվել է ադրբեջանական զորքի վրա, սպանվել է մեկ ադրբեջանցի և վեց հայ զինծառայող։
Հայկական կողմը հերքել է այդ տեղեկատվությունը՝ պնդելով, որ նշված ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։
Ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ Պաշտպանության բանակը Ադրբեջանի հայտարարությունը քարոզչական սադրանք որակեց։
https://www.azatutyun.am/a/31024123.html