Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում ունենք կորոնավիրուսով վարակված հայրենակիցներ․ Զարեհ Սինանյան
Friday, April 17, 2020Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Ռուսաստանի Դաշնությունում գտնվող բազմաթիվ հայեր վարակված են նոր տիպի կորոնավիրուսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Մենք մոնիթորինգ էինք անցկացնում, թե աշխարհում քանի հայրենակից է վարակվել կորոնավիրուսով, սակայն այսօր հիվանդացության թվերն այնքան մեծ են, որ անհնար է դարձել հաշվելը։ Վստահ կարող եմ ասել, որ վարակվածների թիվը մեծ է, քանի որ հայեր բնակվում են այսօր ամբողջ աշխարհում, բացառությամբ Աֆրիկայի կենտրոնական պետությունների»,- նշեց Սինանյանը։
Մարտի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հայտնել էր, որ Իտալիայում կորոնավիրուսով վարակվել էր 1 ՀՀ քաղաքացի, ով արդեն ապաքինվել է։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 183 հազար 877-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 146 հազարը: Ապաքինվել է 552 հազար 771 մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 678 հազար 210 հաստատված դեպք կա: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 184 հազար 948 է: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 168 հազար 941 է: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 165 հազար 027 հաստատված դեպք: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 137 հազար 698 հաստատված դեպք կա:
https://armenpress.am/arm/news/1012600.html