Եվրոպային գայթակղելու Ալիևի բազմամյա փորձերը ոչնչացվեցին պատերազմով․ Ադրբեջանը պիտակավորվել է որպես ագրեսոր․ Le Monde
Wednesday, January 27, 2021Ֆրանսիական Le Monde պարբերականը հոդված է հրապարակել Արցախյան պատերազմի մասին՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Բաքվի վարած քաղաքականությանը։ Հոդվածը ներկայացնում է Inosmi.ru-ն։
Հոդվածագիր Պոլ Տավինոն գրել է Ալիևի, նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի ու դստեր՝ Լեյլա Ալիևայի Շուշի այցի մասին, որի ընթացքում նա սպառնացել էր հայերին։
«Մեր երկաթե բռունցքը կոտրեց նրանց ողնաշարը։
Եթե նրանք մեզ հրահրեն, մեր արձագանքը շատ կոշտ կլինի։
Նրանք կզղջան դրա համար հերթական դառը պարտությունից հետո»,- Ալիևի խոսքերն է մեջբերում հեղինակը՝ հավելելով, որ հաղթանակից հետո ժպիտը Ալիևի դեմքից չի իջնում։
«Երկար ժամանակ չվայելելով համաժողովրդական սեր, 2003 թվականին իշխանությունը ժառանգելով հորից և ապրելով շքեղության մեջ՝ նա վայելում է այս անձնական, համբերատար նվաճված հաղթանակը։
2005-ից սկսած նա ադրբեջանական նավթադոլարները վերածել է ռուսական, իսրայելական, թուրքական զենքի, անօդաչուների, զրահամեքենաների, ռադիոլոկացիոն համակարգերի լայնածավալ մատակարարումների, ավելի ժամանակակից, քան կան Հայաստանի տրամադրության տակ»,- գրում է լրատվամիջոցը։ Հոդվածում նշվում է, որ Թուրքիան էլ, հաղթահարելով Ռուսաստանի նկատմամբ վախը նախկին ԽՍՀՄ տարածքում, Ադրբեջանին առաջարկեց իր ռազմական օգնությունը, ինչի շնորհիվ էլ Բաքուն առավելության հասավ օդում։
Իսկ ցամաքում որպես թնդանոթի միս Անկարայի կողմից վարձված սիրիացիների օգտագործումը Բաքվին վատ ծառայություն մատուցեց։
Ըստ հոդվածագրի՝ հաղթանակ տանելով՝ Իլհամ Ալիևը դուրս է գալիս դժվարին իրավիճակից։ 2014թ․-ից նավթի գնի անկումն Ադրբեջանում նվազեցրել է գնողունակությունը, որի տնտեսությունը մեծապես կախված է ածխաջրածիններից։
2020-ին, Միջազգային տնտեսական գործակալության տվյալներով, նավթը կազմել է Ադրբեջանի արտահանման 90 տոկոսը և ՀՆԱ-ի մեկ երրորդը։ Կորոնավիրուսի դեմ պայքարում սահմանված սահմանափակումներն էլ մեծ հարված են հասցրել աղքատացած բնակչությանը՝ խորացնելով սոցիալական անհավասարությունը։
Շքեղ Բաքվում, որը «Կովկասյան Դուբայի» կոչմանն է հավակնում, անթիվ տնակային ավաններ կան։
«Հիմա շատ ադրբեջանցիներ հիացմունքով են խոսում երկրի ղեկավարի մասին։
Նրա պատկերով նկարները կարելի է փակցված տեսնել ավտոմեքենաների ապակիներին։
Մասնավորապես, Ռամիլ Ալիևը, որը երկրի ԱԳՆ-ի երիտասարդ աշխատակիցներից է, սիրում է կրկնել, որ «նախագահը միշտ ճիշտ է»։
Նա ընդգծված հիացմունքով է խոսում Իլհամ Ալիևի մասին, որի դիմանկարը տեղադրել է իր հեռախոսի էկրանին։ Երկրի քաղաքների մեծ մասում կախված են գերդաստանի հիմնադիր Հեյդար Ալիևի հսկայական դիմանկարները։ Հոր ու որդու լուսանկարները կարելի է տեսնել բոլոր ուսումնական հաստատություններում։Քաղաքական համակարգն էլ համապատասխան դասավորված է՝ Իլհամ Ալիևը երեք անգամ՝ 2008, 2013 և 2018 թվականներին ընտրվել է երկրի նախագահ՝ ստանալով ավելի քան 85 տոկոս ձայն։ Ընտրություններ, որոնք, ԵԱՀԿ տվյալներով, անցել են բազմաթիվ խախտումներով։ Խորհրդարանն էլ ենթարկվում է նախագահի հրամաններին, իշխանության ինստիտուտները դեկորատիվ գործառույթ են կատարում»,- նշել է հեղինակը։
Հոդվածում խոսվում է նաև այն մասին, որ պատերազմի ընթացքում քաղաքացիական հասարակությունն ու ընդդիմությունը, անկախ ամենից, աջակցել են Ալիևին, որոնց նա մշտապես դավաճաններ է անվանել։ Պատերազմից հետո էլ Ալիևը շարունակում է իր նույն հռետորաբանությունը։ ««Գերագույն գլխավոր հրամատարը» երևում է, որ պատրաստ չէ հրաժարվել նաև հայերի դեմ ատելության հռետորաբանության սերմանումից, և դա հակասում է նրա հայտարարություններին, որ «Ղարաբաղյան խնդիրը լուծված է»։
Հենց նույն ելույթում Ալիևն ընդունել է իր «պատասխանատվությունը ատելության ու պատերազմի քարոզչության համար» և նույնիսկ գլուխ գովել»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Ավստրիայի Ինսբրուկի համալսարանից կովկասյան հակամարտությունների ադրբեջանցի փորձագետ Համիդա Գիյասբայլին։ Ինչպես հայտնի է՝ Ալիևն ասել է․ «Ես Ադրբեջանը ղեկավարում եմ արդեն 17 տարի։
այդ ժամանակում մեծացած սերունդն ազատագրեց Ղարաբաղը։ Նրանց հայրենասիրական դաստիարակությունն ու թշնամու հանդեպ ատելությունը բերեցին մեզ հաղթանակի»։ Գիյասբեյլին նաև ասել է, որ իշխանությունը տարիներ շարունակ օգտագործել է ատելությունը որպես գործիք։
«Հիմա մենք դիտարկում ենք այդ գործընթացը։ Ռազմական քարոզչությունը շատ գործուն է։ Ադրբեջանն ամեն կերպ փորձում էր ապացուցել, որ բազմամշակութային պետություն է, բայց դժվար թե հասնի դրան՝ ատելությամբ լի այդ հայտարարություններից հետո»,- ասել է ադրբեջանցի փորձագետը։ Հոդվածագիրը նշում է, որ տարածքի զավթումից հետո հայատյացությունն արդեն մշակութային յուրացման տեսք է ստացել։
Ադրբեջանի մշակույթի նոր նախարար Անար Քարիմովն արշավ է անցկացնում՝ ժխտելով Ղարաբաղի տարածքում քրիտոնեական ժառանգության հայկական ծագումը։ Պաշտոնական տարբերակով՝ բոլոր եկեղեցիներն ու վանքերը, իբր, կառուցվել են 8-րդ դարում անհետացած «Կովկասյան Ալբանիա» թագավորության կողմից։
Բացի այդ՝ այսօր ադրբեջանցիներն անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակով, ռուս խաղաղապահների հաստատմամբ։ «Ընդդիմությունը փորձում է օգտագործել սոցիալական խնդիրը ու ռուսների ներկայությունը՝ դժգոհներին մոբիլիզացնելու համար։ Շատերը կարծում են, որ ռուսները թաքուն օգնում են հայերին»,- ասել է Պրահայի Կառլովի համալսարանի ադրբեջանցի քաղաքագետ Բահրուզ Սամադովը՝ հավելելով, որ Ղարաբաղի վերականգնումը պահանջում է շատ ժամանակ ու մեծ ծախսեր։
«Դա բացասաբար կանդրադառնա ադրբեջանցիների սովորական կյանքի ու նրանց եկամուտների վրա։ Բոլոր տեղահանվածները չէ, որ ուրախ են վերադարձի համար։
Պետությունը չգիտի՝ ինչպես լուծել այդ խնդիրները»,- ասել է ադրբեջանցի փորձագետը։ Ադրբեջանը հիմա, ինչպես երբևէ, նավթադոլարների կարիք ունի։ Պատերազմը թանկ բան է, դրա համար էլ Բաքուն անհանգստանում է մինչև 2030 թվականն ածխաջրերի պաշարների կանխատեսվող արագ անկման կապակցությամբ։
Հոդվածագիրը նաև նշում է, որ սեփական իմիջը լավացնելու համար Իլհամ Ալիևն ու իր կինը միջոցներ են ներդնում Ֆրանսիայում, Իտալիայում ու Ռուսաստանում եկեղեցիների վերականգնման համար՝ դրանով փորձելով ստեղծել պետության բազմամշակութային ու հանդուրժողական պատկերը։
Ադրբեջանը մյուս մուսուլման երկրների նման չէ։ Քաղաքագետ Գուլիևն էլ նշել է, որ երկիրը մեկուսացման վտանգի տակ է։ «Եթե ռեժիմն ուզում է խուսափել բելառուսական սցենարից՝ կամավոր կամ ստիպողաբար Ռուսաստանի հետ տնտեսական կամ անվտանգային ուղեծրից կամ Թուրքմենստանի պես իրեն ինքնամեկուսացնելով, Ալիևը ստիպված պետք է գնա Արևմուտքին ընդառաջ։ Արևմուտքի հետ հարաբերությունների խզումը հանրության շրջանում ընդունելի չէ։ Արդյունքում, ռեժիմը պիտի զիջումների գնա, որ պահպանի արևմտյան վեկտորը և, գլխավորը, ստեղծի հակակշիռ ռուսական ագրեսիվ դիվանագիտությանը»,- գրում է փորձագետը։
Հոդվածագիրը նշում է նաև, որ եթե հակամարտությունն ամրացրել է Ալիևի դրական կերպարը իր երկրում, ապա դրանից դուրս հակառակ արդյունքի է բերել։ «Եվրոպային գայթակղելու բազմամյա փորձերը ոչնչացվեցին պատերազմով։ Ադրբեջանը պիտակավորվել է որպես ագրեսոր պետություն, որը ստացել է անկառավարելի Էրդողանի աջակցությունը ՝օգտագործելով սիրիացի վարձկաններին, պարտվել է տեղեկատվական պատերազմում»,- ամփոփում է հրապարակման հեղինակը։
https://factor.am/332553.html