Դաւիթը գանգատում է նեղութիւնների և հալածանքների մասին. Խնդրում է մխիթարութիւն։ Դաւիթի Սաղմոս. Յիշատակի համար։
Tuesday, April 26, 20221 Ով Տէր, մի յանդիմանիր ինձ քո բարկութիւնովը, եւ մի խրատիր ինձ քո սրտմտութիւնովը։
2 Որովհետեւ քո նետերը խրուեցան իմ մէջը, եւ քո ձեռքը ծանրացաւ ինձ վերայ։
3 Չ՛կայ իմ մարմնումը առողջութիւն քո բարկութեան պատճառով. իմ ոսկորներումը խաղաղութիւն չ՛կայ իմ մեղքի համար։
4 Որովհետեւ իմ անօրէնութիւնները գլխիցս վեր բարձրացան. Ինչպէս մեծ ծանր բեռ ծանր են ինձ վերայ։
5 Խոցերս հոտում եւ փտում են՝ իմ յիմարութեան համար։
6 Ես կեռացած եւ խիստ ցած ընկած եմ, եւ ամեն օր ման եմ գալիս սգաւոր։
7 Որովհետեւ իմ երիկամունքները լիքն են բորբոքումով, եւ առողջութիւն չ՛կայ իմ մարմնումը։
8 Ես թուլացած եւ շատ սաստիկ փշրուած եմ. հոգոց եմ հանում իմ սրտի հառաչելուցը։
9 Ով Տէր, քո առաջին է իմ բոլոր փափաքը. Եւ իմ հառաչանքը քեզանից ծածուկ չէ։
10 Սիրտս դողում է. Զօրութիւնս թողել է ինձ. Եւ իմ աչքի լոյսն էլ ինձ մօտ չէ։
11 Իմ սիրելիներն ու ընկերները կանգնած են իմ խոցի դէմ. Եւ իմ ազգականները կանգնած են հեռուանց։
12 Եւ իմ անձը խնդրողները որոգայթ են լարում, եւ ինձ չար ուզողներն անօրէնութիւն են խօսում, եւ ամեն օր նենգութիւններ են հնարում։
13 Բայց ես խուլի պէս չեմ լսում, եւ համրի պէս՝ որ իր բերանը չէ բաց անում։
14 Եւ ես եղայ ինչպէս մարդ՝ որ չէ լսում, եւ որ նորա բերանումը փաստ չ՛կայ։
15 Որովհետեւ ես քեզ եմ ապաւինում, Տէր. Դու պատասխան կ՛տաս, ով Տէր՝ իմ Աստուած։
16 Որովհետեւ ես ասեցի՝ Թող ինձ վերայ չ՛ուրախանան, որ իմ ոտքը սահելիս՝ ինձ վերայ պարծենան։
17 Որովհետեւ ես պատրաստ եմ ընկնելու համար. Եւ իմ ցաւը միշտ առաջս է։
18 Որովհետեւ ես պատմում եմ իմ անօրէնութիւնը. Եւ տրտմում եմ իմ մեղքի համար։
19 Բայց իմ թշնամիները կենդանի եւ զօրաւոր են. Եւ ինձ զուր ատողները շատ են։
20 Եւ բարիի տեղ ինձ չար հատուցանողները հակառակում են ինձ, նորա փոխարէն որ ես հետեւում եմ բարի բանի։
21 Մի թողիր ինձ, ով Տէր՝ իմ Աստուած, մի հեռանար ինձանից։
22 Շուտ արա՝ որ ինձ օգնես, ով Տէր՝ իմ Փրկիչ։