Գավառը ճանաչվեց Հայաստանի 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք
Wednesday, November 29, 2023Հայաստանի 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք ճանաչվեց Գավառ քաղաքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսի համար հայտ էր ներկայացրել հինգ քաղաք՝ Աբովյանը, Ալավերդին, Գավառը, Էջմիածինը, Վեդին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց` մրցույթը լավ հնարավորություն է համայնքներում երիտասարդական կյանքն ակտիվացնելու համար:
«Սա շատ լավ հնարավորություն է համայնքներում երիտասարդական կյանքի ակտիվացման, երիտասարդների ինքնաիրացման, կարողությունների զարգացման, լիարժեք մշակույթային կյանքում ապրելու, հնարավորությունների ընդլայնման համար: Մեր ակնկալիքն է, որ հաղթող քաղաքը դառնա նախատիպային: Հաղթող քաղաքի բնակիչները պետք է իրենց զգան մայրաքաղաքի բնակիչներ»,- նշեց նա:
Նախորդ տարի դիմող քաղաքները 2-ն էին, այս տարի՝ 5-ը։ Փոխնախարարի խոսքով՝ քաղաքների թիվը հաջորդ տարիներին ավելի շատ կլինեն:
«Համայնքները տեսնում են, որ այս մրցույթին իրենց մասնակցությամբ իրենց համայնքի երիտասարդներին մեծ հնարավորություններ է տրվում»,- ասաց Մարտիրոսյանը:
ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը նշեց, որ համաձայն մրցույթի կանոնակարգի՝ հայտերի գնահատումն իրականացվել է մրցութային հանձնաժողովի կողմից։
«Իրականացվել են փորձագիտական գնահատման խմբի անդամների այցելությունները հայտատու քաղաքներ: Հայտերի գնահատման վերջին փուլը՝ SMS քվեարկությունը, տեղի է ունեցել նոյեմբերի 9-ից նոյեմբերի 28-ը. 20 օր շարունակ, անկախ բնակության վայրից, ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն են ունեցել քվեարկել: Ասեմ, որ մրցույթն իրականացվում է 2014 թվականից»,-ասաց նա:
ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքը եղել է Սիսիանը, հաջորդիվ՝ Ստեփանավանը (2015), Գյումրին (2016), Չարենցավանը (2017), Իջևանը (2018), Վանաձորը (2019), 2020-ին մրցույթը չի կայացել, այնուհետ՝ Կապանը (2021), 2022-ին՝ Հրազդանը և 2023-ին՝ Մեծամորը:
«Ամենամյա մրցույթի նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, նպաստել համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը, խրախուսել նորարարական գաղափարները»,- եզրափակեց նա:
«ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական խմբի անդամները ներկայացրեցին, որ հանդիպումներ են ունեցել համայնքների ղեկավարների, համայնքապետարանների աշխատակազմերի, կրթական հաստատությունների ղեկավարների հետ, ծանոթացել տեղի երիտասարդական կառույցների և ակտիվ խմբերի հետ՝ ուսումնասիրելով նրանց ներգրավվածության աստիճանը տեղական ինքնակառավարման մարմիններում:
Մրցույթի արդյունքներն ամփոփելու համար իրականցվել են թափանցիկ հաշվարկներ: Համադրվել են փորձագիտական խմբի գնահատականները և SMS քվեարկության արդյունքները, որի արդյունքում առաջին տեղը զբաղեցրել է Գավառը, երկրորդը՝ Ալավերդին, երրորդը՝ Էջմիածինը, չորրորդը՝ Աբովյանը և վերջին տեղում՝ Վեդին:
«Դիտարկվել են տվյալ համայնքների երիտասարդական ծրագրերը, ինչպես նաև՝ մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները»,- նշեցին փորձագիտական խմբից: