Բերձորցիներին ասել են` մինչև ամսվա վերջ պետք է հեռանան քաղաքից, Աղավնոյի ճակատագիրն անհայտ է
Thursday, August 4, 2022Բերձորցիները մինչև այս ամսվա վերջ պետք է հեռանան քաղաքից: Այս մասին նրանք տեղեկացել են երեկ երեկոյան վարչակազմի ղեկավարի ու քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում:
«Նախագահի հրամանով` Արայիկ Հարությունյանի` մինչև ամսվա վերջ մենք պիտի դուրս գանք: Ոչ մի բան փոխհատուցման մասին, իբր թե փոխհատուցումը պիտի լինի, բայց ե՞րբ, ո՞նց, չգիտենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բերձոր-Լաչինի բնակիչ Աննա Մարգարյանը:
Նա նշեց` ոչ մի հստակ խոսք չեն լսել, թե որտեղ են գնալու և արդյոք փոխհատուցում են ստանալու, պլանավորում են գնալ-նստել Ստեփանակերտի հրապարակում. «Թեկուզ Աղավնոյի հետ մենք իրար հետ պայմանավորվենք, դուրս գանք, գնանք, նստենք էնդեղ: Մենք գնալու տեղ չունենք քանի որ»:
Երեկ առավոտյան Արցախի նախագահական էին հրավիրվել Լաչինի վարչակազմը և Աղավնոյի համայնքապետն ավագանու անդամների հետ: Ադրբեջանական կողմը սահմանային սրացմանը զուգահեռ՝ պահանջում է Հայաստան-Արցախ երթևեկությունը նոր ճանապարհով կազմակերպել, հեռանալ Լաչինից, իսկ միջանցքը փակվելու դեպքում հայկական Աղավնոն ադրբեջանական շրջափակման մեջ է հայտնվում:
«Լավ պետություն է, թող գա, մեր հարցերին պատասխանի, ես սպասում եմ, Արայիկ Հարությունյանին ընտրել եմ, 6 երեխաս էլ Արցախում ապրում է, թող գա, իմ պատասխանը տա, ես ուրիշ բան չեմ ուզում», - նշում է Աղավնո համայնքի բնակիչ Նարինե Ռասոյանը:
Աղավնոյի բոլոր բնակիչները՝ ավելի քան 200 հոգի երեկվանից շունչը պահած սպասում են, թե ինչ պատասխանով է համայնքապետը վերադառնալու։ Վերադարձել է, բայց կոնկրետ պատասխան չկա: Այդ հանդիպմանը մասնակցած ավագանու 3 անդամները 4 տարբեր բաներ են ասում, զայրանում է Ալիկ Բլբուլյանը. «Այսինքն` էդքան տղամարդկություն չկա՞, որ մեկը մի հատ վերևից գա, ասի` ժողովո՛ւրդ, էս ա իրավիճակը պիտի դուրս գանք, հարց չկա, պիտի դուրս գանք, դուրս ենք գալիս, մեզ տեր կանգնող կա՞»:
Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չաուշյանից «Ազատությունը» փորձեց ճշտել՝ ինչ որոշում է կայացվել, գյուղի տարհանման ծրագիր այս պահին կա՞, թե՞ ոչ: Չաուշյանը հորդորում է բոլոր հարցերի պատասխանն ստանալ Արցախի նախագահից ու տարածքային կառավարման նախարարից, ասում է՝ թող իրենք ձեզ էլ, գյուղացիներին էլ հայտնեն որոշման մասին: Արցախի տարածքային կառավարման նախարարը երկու օր է` անպատասխան է թողնում Լաչինի միջանցքի տարածքում գտնվող բնակավայրերից մարդկանց տարհանման վերաբերյալ հարցերը: Շուրջ մեկ ամիս առաջ Արցախի նախագահը հայտարարել էր՝ Աղավնոյի հարցով շարունակելու են բանակցությունները, պայքարը:
Ի՞նչ եք որոշել, ասեք ի վերջո. Աղավնոյի բնակիչներն իրենց անպատասխան հարցերից դառը ենթադրություն են անում:
«Սենց թե նենց հանելու են, գիտենք, որ հանելու են, որ չհանեն, բոմժի պես գցեն քուչեքը, դե հազարավոր մարդիկ անտուն-անտեր վերընկած Երևան, ստեղ-էնդեղ», - նշում է Ալիկ Բլբուլյանը:
«Մի թիքա հող են տվել, հող ա մնացել, էդ էլ թող մեզ մնա, սաղ թուրքերի՞ն», - հարցնում է Արաքսի Գյոկչակյաը:
«Համարյա գոմում ենք ապրել, օձ ու կարիճների մեջ, տարիների ընթացքում տուն-տեղ ստեղծել»,- Արաքսի Գյոկչակյանը չի պատկերացնում՝ եթե հեռանում են, ապա որ ուղղությամբ. «Իմ թոռնիկները ստեղ են ծնվել, ո՞ւր տանեմ, Նիկոլը պահելո՞ւ ա իմ երեխեքին»:
«Պատերազմի ժամանակ ու դրանից հետո էլ բոլոր դժվար օրերին Աղավնոյի մարդիկ տեղում են մնացել, մեծ քաղաքներում հերոսների մասին երգեր են երգում, հերոսներն այստեղ են», - -դառնանում է Մարիամ Հակոբյանը. «Բոլորը հերոսներ են, որովհետև իրենք չգիտեն` վաղն իրենց գլխին ինչ է գալու: Թե մենակ կինոներում կարան նկարեն, գցեն, երգեն, նկարեն, գցեն»:
Աղավնոյի ֆեյսբուքյան էջը գույնզգույն, զվարթ լուսանկարներով է ու տեսանյութերով է` բացօթյա երգ, պար, Վարդավառ, որտեղ ջրում են նաև ռուս խաղաղապահներին: Զգոնացնում է վերջին հայտարարությունը` այսօր երեկոյան գյուղի բոլոր բնակիչներին ժողովի են կանչել: Արդյոք քաղաքից էլ մարդ է գալու՝ Աղավնոյում դեռ չգիտեն:
«Երանի Աղավնոն` Աղավնոյի մարդկանցով երկինք հանեինք, ու վերջանար այս հողի կռիվը»,- Մարիամ Հակոբյանը իրականությունից կտրվել է ուզում, հոգնել է վտանգի մեջ ապրելուց. «Ուրիշ տեղ կանայք նստում են, խոսում են գեղեցիկ հագուստներից, զարդերից, մենք նստում ենք, մի հատ սուրճ ենք խմում ու ասում ենք` ի՞նչ է գալու մեր գլխին»:
https://www.azatutyun.am/a/31973992.html