Բողոքի ցույցի մասնակիցները ձևավորեցին մարդկային շղթաներ և երթ կազմակերպեցին Մինսկում, որին միացան առնվազն երկու հեռուստահաղորդավարներ պետական լրատվամիջոցներից, որոնք հեռացան պաշտոնից ի նշան բողոքի Լուկաշենկոյի վարչակարգի սանձազերծած բռնաճնշումների դեմ:
Բողոքի ակցիայի մասնակիցները Լուկաշենկոյին մեղադրում են անցած կիրակի նախագահական ընտրությունները կեղծելու մեջ ՝ նախագահական վեցերորդ ժամկետում ընտրվելու համար: Նախագահը փոխարենը մեղադրում է դրսի ուժերին երկիրը ապակայունացնելու փորձերի մեջ՝ ցուցարարներին որակելով հանցագործներ և անբաններ:
Իշխանությունները սկսեցին այս շաբաթ ազատ արձակել ձերբակալված հազարավոր ցուցարարների: Մինսկի մեկուսարանում գտնվող ազատազրկվածներից ոմանք կապտուկներ ունեն մարմնի վրա և պատմում են, որ բանտերի խցերը լեփ լեցուն են, իսկ իրավապահները վատ են վերաբերվում բերման ենթարկվածներին՝ նրանց ենթարկելով ծեծի ու ճնշումների: Ներքին գործերի նախարարության խոսնակը հրաժարվեց մեկնաբանություններից:
Մինսկում այդ ընթացքում ԵՄ երկրների դեսպանները ծաղիկներ դրեցին այն վայրում, որտեղ զոհվել է բողոքի ցույցի մասնակիցը:
Վերջին տարիներին Լուկաշենկոն փորձում է կարգավորել իր հարաբերությունները Արևմուտքի հետ ավանդական դաշնակից Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների պատճառով:
2016 թ-ին ԵՄ-ը մասնակիորեն վերացրեց պատժամիջոցները, որոնք կիրառվել են Լուկաշենկոյի դեմ մարդու իրավունքների խախտումների հետևանքով, բայց վերջին զարգացումները ստիպում են Արևմուտքին վերանայելու որոշումը: Գերմանիան ԵՄ-ը կոչ արեց ճնշում գործադրել Լուկաշենկոյի վրա:
Իր հերթին Ռուսաստանը մտահոգություն է հայտնել այն մասին, թե Բելառուսի իշխանությունները ենթարկվում են արտաքին ուժերի ճնշմանը: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան լրագրողների հետ զրույցում մեղադրել է օտաերկրյա ուժերին երկրում խառնաշփոթ ստեղծելու փորձի մեջ:
65-ամյա Լուկաշենկոն իշխանության է ավելի քան քառորդ դար, բայց այսօր առերեսվում է հասարակական դժգոհությանը, որը խորացել է նաև կորոնավիրուսային համաճարակի արդյուքում, որը Լուկաշենկոն մերժում էր:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերի հանձնակատարը դատապարտել է զանգվածային ձերբակալությունները, ներառյալ անչափահասների՝ դրանք որակելով մարդու իրավունքների միջազգային ստանդարտների հստակ խախտում:
Բելառուսում կալանավայրի մոտ այսօր կարել է տեսնել բազմաթիվ մադդկանց, ովքեր սպասում են որևէ տեղեկության բերման ենթարկված իրենց ընկերներից կամ հարազատներից: Ոստիկաններն ու իրավապահները ստիպում են վերջիններիս հեռանալ, երբ նրանք շատ մոտ են մոտենում կալանքի վայրին:
Կալանքում հայտնված եւ ազատված Սերգեյը, պատմում է, որ հինգ հոգու համար նախատեսված խցում եղել է 28 մարդ: Իրավապահները մարդկանց ծեծում էին, չէր տրամադրվում բավարար սնունդ:
Մեկ այլ ազատազրկված Վարդան Գրիգորյանի դեմքին նկատվում են վնասվածքներ: Նա ևս վկայում է ծեծի ենթարկվելու մասին, որի արդյունքում ինքը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց:
https://www.amerikayidzayn.com/a/5543983.html