Բաքուն թույլ չի տալիս Գյումրիի վթարից մահացած Հելեն Դադայանի մարմինն Արցախ տեղափոխել
Friday, August 18, 2023Բաքուն թույլ չի տալիս օգոստոսի 14-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հետեւանքով մահացած 21-ամյա Հելեն Դադայանի մարմինն Արցախ տեղափոխել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը։
««Կարմիր խաչից» ասում են, որ այսօր նույնպես կփորձեն ինչ-որ բան անել, վաղը պատասխան կտան, բայց ես արդեն չեմ հավատում։ Կարող եմ արձանագրել, որ Արցախի իշխանությունն անկարող է, «Կարմիր խաչն» էլ ձախողել է իր առաքելությունը։ Անկարող է նաեւ Հայաստանի իշխանությունը, ճիշտ է, մենք իրենց չենք դիմել, բայց իրենք էլ մեզ հետ որեւէ կերպ չեն փորձել կապվել։ Ես այս պահին դեռ Գորիսում եմ։ Երեխայի ծնողներն ուզում են ամեն գնով տեղափոխել մարմինը։ Մենք չենք հանձնվելու»,- ասաց Սաֆարյանը։
Մեզ հետ զրույցում ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ կոմիտեն, որպես չեզոք մարդասիրական միջնորդ, վարում է երկու կողմերի հետ երկխոսություն, սակայն նրանց դիրքորոշումը հանրայնացնել չի կարող։
«Մենք կարող ենք միայն վերահաստատել, որ կոմիտեն պատրաստ է իր առաքելությունը կատարել հօգուտ մարդասիրական խնդրի, սակայն որոշումը մեր ձեռքերում չէ, այլ կողմերի, եւ մեկ կողմի անհամաձայնության դեպքում մենք չենք կարող գործողությունը կատարել»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։
Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։
Ըստ Քննչական կոմիտեի՝ վթարը տեղի է ունեցել Երեւան քաղաքի ուղղության երթեւեկելի ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։
«Անհնարին ճանապարհներ կգտնեմ, բայց Հելենին իր ընտանիքի մոտ կհասցնեմ»․ վթարից մահացած արցախցի Հելենի քեռի