Բացվել է Երեւան քաղաքի ամենամեծ ծաղկանոցը
Thursday, September 14, 2023Երեւանի Արգիշտիի փողոցի մոտ կես հեկտար տարածքում հիմնվել է քաղաքի ամենամեծ ծաղկանոցը:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ տարածքը ձևավորվել է 38.000 ծաղիկներով ու 14.000 թփերով, որոնց մեծ մասն աճեցվել է քաղաքային տնկարանում: Ծաղկանոցը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մի քանի ամիսների աշխատանքն է:
Ծաղկանոցի համար անցկացվել է 2800 գծամետր ոռոգման նոր՝ անձրևացնող համակարգ: Տնկվել են նաև ծառեր: Խաչմերուկային ծանրաբեռնված երթևեկությամբ այս հատվածում կանաչապատումն այսօր առաջնահերթ լուծում է էկոլոգիական կարևոր խնդիր:
Ծաղկանոցի համար համայնքային բյուջեից մոտ 22 մլն դրամ է ծախսվել: Տարածքում կառուցվել է շրջանաձև ճեմուղի, իսկ նստարաններ հատուկ չեն տեղադրել՝ հաշվի առնելով ծաղկանոցի սկզբունքը:
Լանդշաֆտային ճարտարապետներն ու դիզայներները ծաղկանոցը նախագծել են այնպես, որ ամեն տարի այն հնարավոր լինի լրացնել ծաղկային նոր լուծումներով: