Բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում առկա է հայ-վրացական համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ
Wednesday, March 4, 2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստանի Հանրապետություն է մեկնել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Պաշտոնական այցի շրջանակում տեղի են ունեցել հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հայ-վրացական հարաբերություններում առկա է չօգտագործված մեծ ներուժ, և երկկողմ օրակարգի կարևոր մաս է դրա լիարժեք իրացումը: Կողմերն արձանագրել են բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում համագործակցության կարևորությունը։
Վրացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո ամփոփելով բանակցությունների արդյունքները՝ Հայաստանի վարչապետ Ն․ Փաշինյանն ասել է․
«Մենք հանդես եկանք համագործակցության մի շարք առաջարկություններով, որոնք վերաբերում են բարձր տեխնոլոգիաներին, կրթությանն ու գիտությանը: Կարևորվեց երիտասարդների միջև կապի ամրապնդումը»։
Հայկական պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակի հուշակոթողին։ Այնուհետև, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնում հանդիպում՝ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ոչ միայն Թբիլիսիի, այլ նաև Սամցե Ջավախեթիի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում վարչապետն առանձնահատուկ ողջույններ է հղել վիրահայության ներկայացուցիչներին՝ նշելով, որ մեր ժողովրդի կյանքում նրանք նշանակալի դեր են ունեցել։ «Մեր մշակույթի, ինքնության բազմաթիվ հսկաներ ձևավորվել և գործել են Թիֆլիսում, թիֆլիսահայության միջավայրում: Դժվար է ասել, թե ինչպիսին կլիներ մեր ինքնությունը Հայաստանում, եթե չլիներ այն մեծ մշակութային ժառանգությունը, որն ստեղծվել է Թիֆլիսում: Ընդհանրապես, մեր ժամանակակից ինքնությունը երեք հենասյուներ ունի, խոշոր մշակութային հենասյուներ` Թումանյանը, Թամանյանը և Կոմիտասը: Կարծում եմ, որ Թումանյանն, ըստ էության, ուղնուծուծով թիֆլիսահայության ամենավառ օրինակն է և արտահայտում է թիֆլիսահայության կարևորությունը մեր ժողովրդի համար»,-ասել է վարչապետը։
Հանդիպման ընթացքում վարչապետը և պատվիրակության անդամները պատասխանել են վիրահայերի բազմաթիվ հարցերի, անդրադարձել հայ-վրացական հարաբերություններին:
https://shamshyan.com/hy/article/2020/03/04/1148976/