Արցախում կկիրառվեն հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ
Wednesday, December 28, 2022Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել և հավանություն է տրվել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումների սահմանման վերաբերյալ Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագծին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են պետական նախարարի աշխատակազմից, որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում սննդամթերքի սղությունը և էլեկտրաէներգիայի խնայողությունները:
Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև կանխիկ դրամաշրջանառության հետ կապված իրավիճակին: Զեկուցվել է, որ Հանրապետությունում առկա է կանխիկ գումարի բավարար ծավալ, պարզապես իրավիճակով պայմանավորված՝ կազմակերպություններն ու անհատ անձինք սկսել են ավելի շատ դրամ կանխիկացնել և չծախսել այն, ինչն անդրադառնում է կանխիկի շրջանառության ծավալների վրա: Պետնախարարը նկատել է, որ ստեղծված պայմաններում շատ ավելի ճիշտ է գումարը պահել անկանխիկ եղանակով, և հանձնարարել է իրազեկման համապատասխան աշխատանքներ իրականացնել: