Արցախի նախագահը հերքեց մարտավարական կարևոր դիրք կորցնելու մասին Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Monday, September 28, 2020Հայկական կողմը Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում մարտավարական առումով որևէ շատ կարևոր դիրք չի կորցրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել, մենք շատ կարևոր դիրք չենք գրավել կամ առաջխաղացում չենք ունեցել: Զինտեխնիկայի և մարդկային մեծ քանակի կորուստներ ենք պատճառել հակառակորդին»,- ասաց Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ այժմ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ:
Նորայր Շողիկյան
https://armenpress.am/arm/news/1029343.html