Արդյոք Թրամփի խոսքերում կա՞ր Արցախի անկախության ճանաչման ակնարկ
Monday, October 26, 2020Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը հեշտությամբ հասնելու Դոնալդ Թրամփի երեկվա հայտարարությունը Երևանում բուռն քննարկումների առիթ է դարձել:
Սպիտակ տան ղեկավարը նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել էր՝ մենք ամեն ինչ կկարգավորենք, դա հեշտորեն գլուխ կգա, եթե գիտես` ինչ ես անում:
Նյու Հեմշիրում նշել էր Թրամփն ու հիշել Կոսովոյի օրինակը՝ ասելով․ «Սերբիայում ու Կոսովոյում մարդիկ տարիներով, դարերով միմյանց սպանել են, բայց հիմա նրանք երջանիկ են, անգամ համբուրում են միմյանց»:
Հատկապես Կոսովոյի օրինակի հիշատակումն անմիջապես արձանագրվեց Հայաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակների կողմից: Մասնավորապես, ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը ԱՄՆ նախագահի ելույթից կարճ ժամանակ անց ֆեյսբուքում գրեց, թե Դոնալդ Թրամփն այսպիսով ակնարկում է, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը:
Մակունցի գրառումը տարածել են «Իմ քայլից» մի շարք պատգամավորներ, այդ թվում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Լիլիթ Մակունցի գրառումից հետո, սակայն, հնչեցին կարծիքներ, որ Թրամփը Կոսովոյի և Արցախի խնդիրների համեմատություն չի արել և որևէ խոսք չի ասել Ղարաբաղի անկախության մասին։
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով Թրամփի հայտարարության վերաբերյալ այս հակադիր մեկնաբանություններին, նշեց՝ քաղաքական գործիչները կարող են ԱՄՆ նախագահի ասածը մեկնաբանել այլ կերպ: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, որը նաև բարեկամական խմբի անդամ է, դժվարացավ մեկնաբանել խմբի ղեկավար Լիլիթ Մակունցի գրառումը:
Նա նշեց՝ «Թրամփի խոսքերը ոգևորիչ են, բայց մեկնաբանելիս պետք է խիստ զգուշավորություն դրսևորել»:
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի իմքայլական անդամ Տաթևիկ Հայրապետյանը Թրամփի խոսքն ամբողջությամբ է լսել և կարծում է, որ ԱՄՆ նախագահը ոչ թե ուղղակի այլ անուղղակի զուգահեռներ է անցկացնում Կոսովոյի և Արցախի հակամարտությունների միջև: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Միքայել Մելքումյանը, որը ևս Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամ է, չի կիսում Լիլիթ Մակունցի այն տեսակետը, թե Թրամփը Արցախի անկախությունը ճանաչելու ակնարկ է արել: Հակառակ սրա, Միքայել Մելքումյանը ԱՄՆ նախագահի ելույթից այլ մեսիջներ է ստացել:
Նա անդրադառնալով Թրամփի այն խոսքերին, որ ղարաբաղյան խնդիրը հեշտ կարգավորվող է, մեկնաբանեց՝ «Թրամփն ակնարկում է սրանով որևէ երկրի մանդատ տալ Արցախում ռազմական դիտորդներ տեղակայելու համար»:
Ըստ Մելքումյանի՝ այդ առաքելությունը կարող է կատարել Ռուսաստանը: Նա չի բացառում, որ Թրամփը հենց Մոսկվային էլ ակնարկում էր:
«Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանն էլ նշեց, որ Թրամփի կողմից Արցախյան խնդիրի լուծումը հեշտ որակելը պետք է դիտարկել ընտրարշավի համատեքստում: Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը չի բացառում, որ Թրամփի՝ «Ղարաբաղյան հարցը կլուծենք, հեշտ է» ձևակերպումը վերաբերվում էր Վաշինգտոնի միջնորդությամբ հոկտեմբերի 26-ից ակնկալվող հրադադարին, որը հակառակորդը խախտում է վաղ առավոտից:
Արդյոք Թրամփի կողմից Կոսովոյի հիշատակումը պարունակո՞ւմ էր որևէ ուղերձ՝ կարող է պարզ դառնալ առաջիկայում։ Իսկ առայժմ Ադրբեջանը խախտում է հրադադարի արդեն երրորդ փորձը, և այս իրավիճակում կարևոր է, որ չվտանգվի հոկտեմբերի 29-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԱԳ նախարարների Ժնևում նախատեսված հանդիպումը, որի ընթացքում պիտի քննարկվի հրադադարի ամրապնդմանն ուղղված քայլերի հաջորդականությունը:
© factor.am