Աշխատել եմ «ախրանայում»․ պետական դավաճանության գործով մեղադրվողի խոսքը՝ դատարանում
Tuesday, July 6, 2021Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, տեղի ունեցավ պետական դավաճանության գործով երկրորդ դատական նիստը:
Ամբաստանյալը 23-ամյա Մայիս Սահակյանն է, իսկ նրա կինը՝ Ստելլա Սարգսյանը, մեղադրվում է լրտեսության մեջ։ Մայիս Սահակյանն այսօրվա նիստի ընթացքում պատասխանեց դատավորի հարցերին։
Նա նշեց, որ ամուսնացած է, ունի մեկ երեխա։ Կրթությունը միջնակարգ է։ Իսկ աշխատանքի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա նշեց․ «Աշխատել եմ ախրանայում»։ Սահակյանը նախկինում դատապարտված չի եղել։
Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին։
Նշենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Ստելլա Սասունի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնու՝ Մայիս Զավենի Սահակյանի կողմից լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու և հանձնելու, ինչպես նաև՝ թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելուն օժանդակելու դիտավորությամբ, տրամադրել է անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաև՝ վերացրել է այդ կապակցությամբ առկա խոչընդոտները: