ԱՄՆ-ում քննարկվում է համավարակի պայմաններում հատկացումների նոր` 6-րդ փաթեթը
Tuesday, March 2, 2021ԱՄՆ-ում սկսել է անկում ապրել քովիդ 19 հիվանդության տարածման արագությունը: Կառավարությունն էլ տվել է երրորդ պատվաստանյութը կիրառելու արտոնագիր: Սակայն տնտեսական անկումը շարունակվում է: Նախագահ Ջո Բայդենի ներկայացրած 1 տրիլիոն 900 միլիարդ դոլարի տնտեսությունն աջակցելու ծրագիրը նպատակ ունի օգնել գործազուրկ անձանց, դպրոցական համակարգին ու վնասներ կրող բիզնեսներին:
Նախագիծը Ներկայացուցիչների պալատում ընդունվել է միայն դեմոկրատների աջակցությունը ստանալու արդյունքում: Հիմա այն հանձնվելու է հարյուր օրենսդիրներ ընդգրկող Սենատին, որն այս անգամ հավասարապես է բաժանված հանրապետականների ու դեմոկրատների միջեւ: Հիշեցնենք, որ ձայների հավասարության դեպքում վերջնական խոսքը կախված կլինի երկրի դեմոկրատ փոխնախագահ Քամալա Հարրիսից:
Յուրաքանչյուր ամերիկացու 1400-ական դոլար հատկացնելու մասին այս նախագիծն ընդունվելու համար որեւէ դեմոկրատ դեմ չպետք է քվեարկի: Սակայն չի կարելի ասել, որ նրանք Սենատում համախմբված են այս հարցի շուրջ: Նրանցից ոմանք պահանջում են, որ այդ նախագծի մեջ մտնի նաեւ նվազագույն աշխատավարձր ժամում 15 դոլարի բարձրացնելու մասին կետ:
Դեմոկրատ ու հանրապետական սենատորներից ոմանք էլ, ասում են, թե դրա փոխարեն կարելի է բարձրացնել այն հաստատություններից գանձվող հարկերի ծավալը, որոնք հրաժարվում են բարձրացնել աշխատավարձը:
Դեմոկրատների ղեկավարները ցանկանում են, որ նախագիծն օրենքի վերածվի մինչեւ մարտի 14-ը, երբ ավարտվում է գործազրկության համար տրվող նպաստների ժամկետը: Եթե փաթեթը հաստատվի, այն կդառնա համավարակի պայմաններում դաշնային կառավարության կողմից հատկացումների վեցերորդ փաթեթը:
https://www.amerikayidzayn.com/a/5797352.html