ԱՄՆ-ում կառուցվող Հայ-ամերիկյան թանգարանը սկսում է ցուցանմուշների ձեռքբերման գործընթացը
Wednesday, March 2, 2022ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի սրտում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են: Այժմ ընթանում է ավտոկայանատեղիի կառուցման շինարարությունը, որի ավարտից հետո սկսվելու է երկհարկանի շենքի կառուցումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայ-ամերիկյան թանգարանի վարիչ-ատենապետ Պերճ Կարապետյանը նշեց, որ շինարարական աշխատանքներին զուգահեռ սկսում են ցուցանմուշների ձեռքբերման գործընթացը: Այդ ուղղությամբ զգալի աշխատանքներ են նախատեսված:
«Հիմա զբաղվում ենք ցուցանմուշների հարցերով: Մոտ օրերս կապի մեջ կլինենք Հայաստանի թանգարանների, անհատների, բոլոր այն օղակների ու մարդկանց հետ, որոնք ունեն հավաքածուներ, ցուցանմուշներ ու կարող են օգնել: Ասեմ, որ մեծ արձագանք կա: Կան մեծ թվով մարդիկ, որոնք ունեն ցուցանմուշներ ու ցանկություն են հայտնել դրանք փոխանցել մեզ»,-ասաց Պերճ Կարապետյանը:
«Թանգարանը պետք է ունենա հիմնական ցուցադրություն՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, սփյուռքին: Ներկայացնելու ենք, թե ինչ է տեղի ունեցել մինչ Հայոց ցեղասպանությունը և ինչ տեղի ունեցավ դրանից հետո: Սփյուռքահայությունը լինելու է առանձին բաղադրիչ: Անդրադարձ է լինելու նաև ամերիկահայությանը: Պատմելու ենք, թե հայերն ինչ հաջողություններ ու ներդրումներ են ունեցել ԱՄՆ-ի տարբեր ոլորտներում»,-ասաց Պերճ Կարապետյանը:
Առաջին հարկում, որ բավական ընդարձակ է լինելու, նախատեսվում է անցկացնել պարային միջոցառումներ, թատերական ներկայացումներ, կլինեն գրքերի շնորհանդեսներ, հայերենի դասընթացներ: Երիտասարդները, երեխաները հնարավորություն կունենա մասնակցելու թանգարանում անցկացվող տարբեր, այդ թվում, հայերենի դասընթացների:
Թանգարանում, որպես առանձին բաղադրիչ, լինելու է հայկական խոհանոցը: Պերճ Կարապետյանն ընդգծեց, որ տարբեր միջոցառումների շրջանակում հնարավորություն է ընձեռվելու ներկայացնել հայկական խոհանոցի հարուստ տեսականին:
«Հիմնական շեշտադրումը լինելու է հայ մշակույթն ու պատմությունը, սակայն մենք նախատեսում ենք նաև առանձին ներկայացնել Կալիֆորնիայում ապրող այլ ժողովուրդներին: Հայ-ամերիկյան թանգարանը լինելու է հայի ինքնությունն ամբողջացնող կենտրոն և մշակութային համագործակցության կարևոր օղակ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ Հայ- ամերիկյան թանգարանը դառնալու է մի վայր, որտեղ օտարերկրացիները կարող են ամբողջացնել իրենց պատկերացումները Հայաստանի մասին, իսկ տեղի հայերը, հատկապես երիտասարդները՝ մոտ լինել իրենց հայրենիքի պատմությանը, մշակույթին ու չմոռանալ: Պերճ Կարապետյանի խոսքով՝ այն կապող օղակ կլինի ԱՄՆ-ի հայ երիտասարդների ու Հայաստանի միջև: «Մենք ժողովուրդ ենք, որը կառուցում է, հարուստ է զարգացած մշակույթով և դեռ ասելիք ունի»,-ասաց նա:
Ամբողջական բաղադրիչներով ու թեմատիկայով թանգարանի բաժինների ընդհանուր ծրագիրն ավելի կոնկրետ պատրաստ կլինի ընթացիկ տարվա վերջ: Թանգարանն իր դռները կբացի 2024 թվականի ամռանը:
https://armenpress.am/arm/news/1076864.html