ԱՄՆ-ում երրորդ շաբաթն անընդմեջ աջում է COVID-19-ով հիվանդների թիվը
Monday, April 5, 2021Reuters- ի վերլուծությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում COVID-19 նոր դեպքերի թիվն անցյալ շաբաթ աճել է 5 տոկոսով ՝ կազմելով ավելի քան 450,000 մարդ: Դեպքերի թիվն աճում է արդեն երրորդ շաբաթն անընդմեջ:
Անցյալ շաբաթ COVID-19 հիվանդությամբ հոսպիտալացված հիվանդների միջին թիվն աճել է 4 տոկոսով` կազմելով ավելի քան 37,000 հիվանդ: Դրանից առաջ 11 շաբաթ անընդմեջ հոսպիտալացումների թիվը նվազում էր:
Առողջապահության ոլորտի պատասխանատուները մտահոգություն են հայտնել Հարության Տոնի և դպրոցական գարնանային արձակուրդների ընթացքում ճանապարհորդության աճի կապակցությամբ` կորոնավիրուսի ավելի վարակիչ տեսակների տարածմանը զուգահեռ:
Չնայած նախկինում գրիպի վարակը կրում էր սեզոնային բնույթ, և դեպքերի քանակը նվազում էր ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ, մասնագետները նշում են, որ նոր կորոնավիրուսի դեպքում նման միտում չկա: Անցյալ ամռանը որոշ շրջաններում նկատվել է COVID-19 դեպքերի աճ:
«Մենք չպետք է հուսանք, որ եղանակը մեզ կփրկի այն բոլոր դժվարություններից, որոնց առջև այժմ կանգնած ենք», - երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ ասել է երկրի գլխավոր համաճարակաբան, դոկտոր Էնթոնի Ֆաուչին:
Ըստ Reuters- ի վերլուծության, 50 նահանգներից 27-ը նախորդ յոթ օրվա համեմատ արձանագրել են վերջին շաբաթվա ընթացքում նոր դեպքերի թվի աճ:
100,000 բնակչի հաշվով նոր դեպքերի և հոսպիտալացումների ամենամեծ թիվը գրանցվել է Միչիգանում, Նյու Ջերսիում և Նյու Յորքում:
Սակայն COVID-19- ից մահերի թիվը անցած շաբաթ նվազել է 17 տոկոսով ՝ կազմելով 5800 մահ կամ օրական 834 մարդ: Առողջապահության ոլորտի պատասխանատուները հույս ունեն, որ պատվաստումները կօգնեն նվազեցնել մահերը՝ նույնիսկ դեպքերի աճի գրանցման հետ մեկտեղ:
Արդեն վեցերորդ շաբաթ երկրում գրանցվում են պատվաստումների ռեկորդային ցուցանիշներ: Անցյալ շաբաթ ամեն օր միջին հաշվով կատարվել է 3,1 միլիոն պատվաստում: Կիրակի օրվա դրությամբ, բնակչության 32 տոկոսը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին, իսկ 19 տոկոսը ամբողջությամբ պատվաստված է, հաղորդում է Հիվանդությունների վերահսկողության կենտրոնը:
https://www.amerikayidzayn.com/a/5841718.html