ԱՄՆ նախագահը ստորագրեց օգնության մասին փաթեթը. Այն ներառում է ԼՂ հակամարտության շուրջ դրույթներ
Tuesday, December 22, 2020ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը ստորագրել է կառավարության մեկշաբաթյա ժամանակավոր ֆինանսավորման մասին օրենքն այն բանից հետո, երբ Կոնգրեսն ընդունեց 892 միլիարդ դոլարի COVID-19- ի հետ կապված տնտեսական օգնության մասին օրենսդրական փաթեթը:
Հիշեցնենք, որ օրինագիծը ներառում է նաև դրույթներ վերաբերվող հայ-ադրբեջանական վերջին պատերազմին ու տարածաշրջանային զարգացումներին: Օրինագծի 615 հատվածում, վերնագրված ՛՛Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության գնահատական՛՛, նշվում է, որ օրինագծի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 90 օր անց Ազգային հետախուզության տնօրենը Կոնգրեսի հետախուզական հարցերով հանձնաժողովներին պետք է գրավոր գնահատական ներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածության վերաբերյալ, այդ թվում ` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ըստ օրինագծի՝ փաստաթուղթը պետք է ներառի նաև հետևյալ դրույթներ՝
(1) Տարածաշրջանում Միացյալ Նահանգների և նրա գործընկերների ռազմավարական շահերի բացահայտումը
(2) Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին 2020 թվականի ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերի նկարագրությունը, ներառյալ ուժի նշանակալի կիրառման յուրաքանչյուր դեպքի նկարագրությունը և գնահատականը, թե կողմերից որ մեկն է նախաձեռնել ուժի կիրառում
(3) ԱՄՆ կողմից Ադրբեջանին և Հայաստանին տրամադրված ռազմական օգնության ազդեցության գնահատականը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության տեսանկյունից և ռազմական ուժի հետագա օգտագործման հավանականությունը
(4) Տարածաշրջանում ուժի հետագա կիրառման կամ հնարավոր ապակայունացման գործողությունների հավանականության գնահատում մոտակա և միջնաժամկետ հեռանկարում
Օրինագիծը պահանջում է նաև, որ պատրաստվող փաստաթուղթը ներկայացվի առանց գաղտնի տեղեկության հրապարակման, բայց անհրաժեշտության դեպքում կարող է պարունակել գաղտնի տեղեկատվությամբ հավելված:
Ընդհանուր առմամբ օգնության փաթեթի շուրջ շուրջ 2.3 տրիլիոն դոլարը կապված է ընթացիկ ֆինանսական տարվա բյուջեի օրինագծի հետ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ օրենսդիրները միջանկյալ բյուջե են ընդունել մինչև դեկտեմբերի 28-ը ՝ կառավարության աշխատանքի խափանումը կանխելու համար: Սպիտակ տունը հայտնել է, որ երեքշաբթի օրը նախագահ Թրամփը ստորագրեց օրենքի նախագիծը:
Օգնության փաթեթը նախատեսում է խթանել ամերիկյան տնտեսությունը` կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի տեսանկյունից: Համավարակի արդյունքում Միացյալ Նահանգներում զոհերի թիվն անցել է 317 հազարը: Յուրաքանչյուր օր գրանցվում է վարակման ավելի քան 214 հազար նոր դեպք:
Օրենքը նախատեսում է միանվագ $ 600 վճարում անհատներին և հավելավճար գործազրկության նպաստ ստացող անձանց, ովքեր կորցրել են աշխատանքը համաճարակի ընթացքում: Նախկինում հատկացված նպաստների ժամկետը լրանում է շաբաթ օրը:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն ասել է, որ վճարումները կարող են սկսվել արդեն հաջորդ շաբաթվանից: Նա բարձր է գնահատում ձեռք բերված պայմանավորվածությունը:
https://www.amerikayidzayn.com/a/5709067.html