ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությումը կհանդիպի ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ, կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Monday, October 17, 2022Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության այցը Երևան։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից, hոկտեմբերի 17-ին մեկնարկած երկօրյա այցի շրջանակներում պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։ Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-ամերիկյան հարաբերությունները։ Պատվիրակությունը խորհրդակցություններ կանցկացնի նաև քաղաքական տարբեր շրջանակներ ներկայացնող խորհրդարանականների հետ։
Ըստ աղբյուրի՝ ԺԳՀ-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան քսան անդամից բաղկացած երկկուսակցական հանձնախումբ է, որն ուղղակիորեն աշխատում է աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների հետ՝ աջակցելու արդյունավետ, անկախ և ընկալունակ օրենսդիր ինստիտուտների զարգացմանը։ Հանձնախումբը Հայաստանի Ազգային ժողովի հետ պաշտոնական գործընկերություն է հաստատել 2020թ.։
Նախագահ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լեվինը։
https://armenpress.am/arm/news/1095069.html