ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ խորանում է միջուկային պայմանագրի շուրջ առկա խնդիրը
Wednesday, December 5, 2018ԱՄՆ - ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավար Մայք Փոմփեոն ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների մակարդակով Բրյուսելում անցկացված հանդիպման ժամանակ երեքշաբթի օրն ասել է, թե Միացյալ Նահանգները դուրս կգա բոլոր այն պայմանագրերից ու միջազգային հաստատություններից, որոնք չեն նպաստում իր երկրի ազգային անվտանգությանն ու շահերին։
Նրա խոսքերով, Ռուսաստանն անտեսում է Միջին հեռահարության միջուկային զենքերը վերահսկելու պայմանագիրը, ինչի պատճառով Միացյալ Նահանգներն իր պարտավորությունները կասեցնում է 6Օ օրով։ ՝՝Այս ժամկետը տրվում է Ռուսաստանին, ի՛ր պարտավորությունների կատարումը վերստանձնելու համար՛՛, ասել է Փոմփեոն, ում խոսքերով, Ռուսաստանի գործողությունները մեծապես վտանգի տակ են դնում Ամերիկայի ու նրա դաշնակից երկրների ազգային անվտանգությունը։
Մինչ այդ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էր ասել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտահոգված է ռուսական նոր հրթիռներով, եւ կոչ արել Մոսկվային հարգել Միջին հեռահարության միջուկային զենքերի մասին պայմանագիրը։
ԱՄՆ-ի պետքարտուղար Փոմփեոն Բրյուսելում հայտարարել է նաեւ, թե Երկրորդ աշխարհամարտից հետո միջազգային կարգուկանոնը չի վերականգնվել այնպես, ինչպես սպասում էին ԱՄՆ-ը ու Եվրոպան։ Նա քննադատել է այս հարցում ՄԱԿ-ին ու Եվրոպական միությանը։
՝՝ Պայմանագրերը խախտողներին հարկավոր է հակադրվել, իսկ պայմանագերը հարկավոր է շտկել կամ լիովին վերացնել։ Այդ պատճառով ԱՄՆ-ը օրինական եղանակով դուրս է գալիս հնացած եւ իրենց նշանակությունը կորցրած այն պայմանագրերից, որոնք չեն բխում մեր ազգային շահերից՛՛, ասել է Փոմփեոն։
Խոսելով Ազովի ծովում ուկրաինական նավերը ռուսների կողմից գրավվելու մասին՝ Փոմփեոն ասել է, թե կա Ռուսաստանի գործողություններն անօրինական լինելու մասին միասնական կարծիք։ ՝՝Մենք հույս ունենք, որ ռուսները կվերադարձնեն ուկրաինացի ձերբակալված ծովայիններին՛՛, ասել նա ու շեշտել, որ աշխատում են միասնական պատասխանով հանդես գալու համար, ինչը ցույց կտա, որ ՝՝ռուսների այս վարքագիծը պարզապես անընդունելի է՛՛։
Հիշեցնենք, որ այս հարցում Ռուսաստանին դատապարտելով, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ էր հայտարարել իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումը։
Source: https://www.amerikayidzayn.com/a/4688186.html