ԱՄՆ-ին չի հաջողվում կանգնեցնել կորոնավիրուսի տարածումը
Monday, July 6, 2020Մեծ Բրիտանիայում բարերը նորից ընդունում են իրենց հաճախորդներին, իսկ ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում այսօր են ընդունում, որ սահմանափակումներն իրենք սկսեցին մեղմել ժամանակից շուտ: ‘’Մեզ մոտ բարերն ու գիշերային ակումբները լցվել էին հաճախորդներով: Եվ այստեղ 20-ից 44 տարեկանները դարձան կորոնավիրուսի երկրորդ բռնկման պատճառ’’, ասում է Ֆինիքսի քաղաքապետը:
Նման իրավիճակի մասին է խոսում նաեւ Ֆլորիդա նահանգի Մայամիի քաղաքագլուխը: ‘’Ափսոսում ենք, որ մենք զվարճանքի կետերը բացեցինք այնպես, կարծես ոչ մի վտանգ չլիներ’’, ասում է նա:
Հիմա կա վտանգ, որ կորոնավիրուսը նոր ալիք կբերի Անկախության օրն անցկացված տոնակատարությունների արդյունքում, քանի որ մի շարք քաղաքներում մեծ բազմություններ մասնակցեցին հրավառությանն ու բացօթյա այլ միջոցառումների: Միայն Վաշինգտոնի Ազգային պուրակում էր հուլիսի 4-ին հավաքվել մոտ 130 հազար մարդ:
Թրամփը հայտարարում է, թե իրականացվել է 40 միլիոն թեստավորում, եւ որ գրանցվող դեպքերի 99 տոկոսը, ըստ նրա, լիովին անվտանգ են: Նրա խոսքերով, հիմա ամենակարեւորը պատվաստանյութի ստեղծումն է:
Սակայն Սննդի ու դեղամիջոցների վարչության ղեկավարությունը չի փորձում վստահաբար ասել, որ պատվաստանյութ անպայման կստեղծվի: ‘’Չնայած փորձերի մեծ արագությանը, չենք կարող վստահաբար կանխատեսել դրա ստեղծման ժամանակը’’, ասել է վարչության ղեկավար Ստիվըն Հահնը, որը նորից կոչ է անում չհրաժարվել անվտանգության միջոցառումներից ու գլխավորը, ասում է նա, կրե՛ք դիմակներ:
Միացյալ Նահանգներում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 3 միլիոն մարդ եւ մինչ այժմ ունի աշխարհում ոչ միայն վարակակիրների, այլ նաեւ այդ հիվանդությունից մահացածների ամենամեծ թիվը` ավելի քան 132 հազար զոհ:
https://www.amerikayidzayn.com/a/5491927.html