ԱՄՆ-ը` տնտեսությունը վերականգնելու դժվարին ուղու վրա
Tuesday, May 11, 2021Այսօր, երբ ԱՄՆ-ի գործազրկության թվերը ցույց են տալիս, որ տնտեսությունը դեռեւս երկար ժամանակ է պահանջելու համավարակից հետո լիովին ապաքինվելու համար, երկրի նախագահ Ջո Բայդենը քննարկումներ է անցկացնում կոնգրեսականների հետ` նպատակ ունենալով հաստատել ենթակառուցվածքների ու ընտանիքների համար նախատեսված ավելի քան 4 տրիլիոն դոլարի հատկացումների փաթեթը:
Ըստ երկրի աշխատանքի նախարարության, գործազրկության մակարդակն ապրիլ ամսին հասել է 6.1 տոկոսի: Ապրիլ ամսին բացվել է նոր 266 հազար նոր աշխատատեղ, ինչը սակայն շատ ավելի քիչ է այն մեկ միլիոնի համեմատ, որը կանխատեսել էին փորձագետները: Բայդենը պաշտպանում է մարտ ամսին Կոնգրեսում առանց հանրապետականների աջակցության ընդունված տնտեսության աջակցության ծրագիրը, ասելով, որ այն ունի մեկ տարվա, այլ ոչ թե վաթսուն օրերի ընթացում տնտեսությանը զարկ տալու նպատակ:
‘’Մենք երբեք էլ չէինք կարծում, որ վաթսուն օրերի ընթացքում ամեն ինչ փոխվելու էր դեպի լավը’’, ասել է նա:
Հանրապետականներից ոմանք բողոքում են, որ գործազրկության համար տրվող նպաստները չափից ավելի առատաձեռն են եւ երբեմն կարող են մարդկանց մի շերտի հետ պահել նոր աշխատանք որոնելու ձգտումից: Նրանց խոսքերով, նպաստը չի կարող լինել աշխատավարձին հավասար:
Սակայն ահա առաջադեմ խմբերի ներկայացուցիչներն էլ ասում են, որ ոչ թե նպաստն է բարձր, այլ որոշ աշխատանքների համար տրվող աշխատավարձն է շատ ցածր ԱՄՆ-ում:
Վերլուծաբան Իվետ Սիմփսոնի խոսքերով, մարդիկ աշխատանքի կվերադառնան, եթե ստանան աշխատավորին համապատասխան աշխատավարձ, եթե ունենան կյանքի կենսամակարդակն ապահովելու եկամուտ:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Ելենին, նա այն կարծիքին է, որ ԱՄՆ-ում աշխատանքային շուկան լիովին կկարգավորվի եկող տարի: ‘’Իսկ դրա համար դեռ անելիքներ կան’’, ասում է նա:
Նախագահ Բայդենն էլ գտնում է, որ գործազրկության կրճատման դանդաղ ընթացքն ապացուցում է ենթակառուցվածքների եւ ընտանիքների համար իր ներկայացրած ծրագիրն ընդունելու ու հաստատելու հրատապությունը:
Հիշեցնենք, որ երկու այդ ծրագրերն իրականացնելու համար հիմք է ծառայելու հարուստ ամերիկացիներից ու մեծ ընկերություններից գանձվող հարկերի բարձրացումը, ինչին մեծապես դեմ են հանրապետականները:
https://www.amerikayidzayn.com/a/5885896.html