Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի նկատմամբ՝ ռուսական արտադրության C-400 (S-400) հակահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն այս մասին հայտարարեց երկուշաբթի ուշ երեկոյան՝ ընդգծելով, որ պատժամիջոցներն անհատական բնույթ են կրում։ Դրանց թիրախում են Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն Իսմայիլ Դեմիրը և նրա երեք ենթակաները։
Պատժամիջոցների կիրառման առթիվ Twitter-ում արած գրառման մեջ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեն անցած գիշեր նշում էր․ - «Չնայած մեր նախազգուշացումներին` Թուրքիան Ռուսաստանից գնեց և փորձարկեց C-400 համակարգերը։ Մենք չենք կարող հանդուրժել որևէ մեծածավալ ձեռքբերում, որ կատարվել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրից»։
Դրա հետ մեկտեղ, պետքարտուղարը հատուկ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հակված է շարունակել ռազմատեխնիկական համագործակցությունը Անկարայի հետ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը տարածած հայտարարության մեջ նշել է, թե պատժամիջոցների սահմանումը «լուրջ սխալ է Վաշինգտոնի կողմից»։ Թուրքական դիվանագիտական գերատեսչության պնդմամբ՝ Անկարան անհրաժեշտության դեպքում կարող է հանդես գալ պատասխան պատժամիջոցների կիրառման նախաձեռնությամբ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ Անկարայում Միացյալ Նահանգներից միանգամայն այլ սպասելիքներ ունեին։
«ՆԱՏՕ-ում մեր դաշնակից ԱՄՆ-ից մեր ակնկալիքը ոչ թե պատժամիջոցներն են, այլ աջակցությունը՝ նախևառաջ տարածաշրջանն ապակայունացնող ահաբեկչական կառույցների դեմ պայքարում», - հայտարարել է Էրդողանը։
https://www.azatutyun.am/a/31000667.html