ԱՄՆ-ը ներկայացնում է հակահրթիռային պաշտպանության նոր ծրագիրը
Friday, January 18, 2019ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարարությունում հինգշաբթի օրը ներկայացրեց երկրի Հակահրթիռային պաշտպանության ծրագիրը, որը, ըստ նրա, ‘’գերազանցելու է’’ Ամերիկայի հակառակորդների սպասելիքները:
‘’Նպատակը պարզ է`ապահովել, որ հայտնաբերվի ու ոչնչացվի Միացյալ Նահանգների դեմ արձակված որեւէ հրթիռ’’, ասաց Թրամփը: Ներկայացված ծրագիրն էլ հիմնականում կենտրոնանում է Չինաստանից, Ռուսաստանից, Հյուսիսային Կորեայից ու Իրանից հնարավոր սպառնալիքների վրա:
Ըստ Հակահրթիռային պաշտպանության նոր ծրագրի, համակարգը համալրվում է ցամաքից արձակվող 20 նոր հրթիռներով, զարկ է տրվում գերձայնային արագությամբ թռչող հրթիռներից 5 անգամ ավելի մեծ արագություն ունեցող հիպերձայնային հրթիռների տեխնոլոգիաներին, եւ ծրագրեր մշակվում տիեզերքում հակահրթիռային պաշտպանական համակարգերի համար:
Համակարգ, որը նմանվում է 1980-ականներին նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի ‘’Աստղային պատերազմներ’’ նախաձեռնությանը:
Թրամփի խոսքերով, հարկավոր է հիմնել հակահրթիռային պաշտպանական համակարգ, որը կպաշտպանի Միացյալ Նահանգներում բոլոր բնակավայրերը: ‘’Այդ նպատակից հետ կանգնելու հարցում մենք երբեւէ որեւէ բանակցություն չենք անցկացնի’’, հայտարարել է Թրամփը:
Հակահրթիռային պաշտպանության հաշվետվությունը հրապարակվում է, երբ Վաշինգտոնում են գտնվում Հյուսիսային Կորեայի պաշտոնատար անձինք` նախապատրաստելու համար Թրամփի ու Հյուսիսի առաջնորդ Կիմ Չան Ընի միջեւ երկրորդ հանդիպումը:
https://www.amerikayidzayn.com/a/4749057.html